ուրբաթ, 25 հունվարի 2013
Խոսքն է սկիզբն ամենայնի…
Ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների Վահագն Չախալյանին ազատ արձակելու և Շիրակ Թորոսյանի Վրաստան մուտքի արգելքը վերացնելու հարցերի վերաբերյալ վարչապետ Իվանիշվիլու հետ «փակ հանդիպման ժամանակ խոսել է վարչապետ Տիգրան Սարգսյանը»: Ամեն դեպքում, երեկ երեկոյան արդեն Չախալյանն ազատ էր, Թորոսյանն էլ մոտ օրերս պատրաստվում է այցելել հայրական տուն, որտեղ չի եղել գրեթե չորս տարի:
Մյուս կողմից, մամուլը չի մոռանում, որ նախագահի ընտրությունից հետո կառավարությունը «թարմացվելու» է, ուստի հնարավոր է նաև վարչապետի փոփոխություն («Իրատես դե ֆակտո»), ինչը «դատարկ խոսակցություն» է համարում ԱԺ նախագահը («ՀԺ»), բայց ոչ «Ժողովուրդը»:
Կառավարության երեկվա նիստի հողօգտագործողներին աջակցելու որոշումը լուսաբանել են «ՀԺ»-ն, «Հրապարակը» («Մրցույթում կհաղթի նորից «Ֆլե՞շը»), «ՀԱ»-ն («Կառավարությունը կշարունակի աջակցել գյուղացուն»): Իսկ ահա ՓՄՁ աջակցության ծրագիրը և էկոնոմիկայի նախարարի մամուլի ասուլիսը թերթերի մեծ մասի ուշադրությունից չեն վրիպել. «Նախապատվությունը կտրվի արտահանման ներուժ ունեցողներին» («ՀՀ»), «Աջակցության գերակշիռ մասն ուղղվում է մարզերի ՓՄՁ-ներին. ի՞նչ աջակցություն է ստացել ՓՄՁ-ն անցած տարիներին և կստանա 2013-ին» («Ազգ»), «ՓՄՁ աջակցությունից նախարարը գոհ է» («Իրատես դե ֆակտո»), «Անարդյունք» («Ժողովուրդ»), «Աջակցե՞լ են ՓՄՁ-ներին» («ՀԺ»):
Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման ԱՄՀ-ի կանխատեսմանն իր անդրադարձում «Օրակարգը» նշել է, որ այն «ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար» արտահանման և մասնավոր դրամական փոխանցումների տեմպերի պահպանման առումով («Լավատեսությունը տեղի է տրվել»), մի այլ հրապարակման մեջ` ներկայացրել հարկ վճարողների պաշտպանության ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանի տեսակետները «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառման հնարավոր հետևանքների վերաբերյալ («Ընտրել վատի և վատթարի միջև»):
«Դելովոյ էքսպրեսը» հոդվածներից մեկում արձագանքել է ատամնաբույժների բողոքներին («Ֆիննախը պատերազմ է հայտարարել բազկաթոռներին»), մյուսում` փոխանցել արտահանման ոլորտի խնդրահարույց հարցերի մասին անասնաբուժական գիտ. դոկտոր Հովհաննես Նաղաշյանի մտահոգությունները: