շաբաթ, 26 հունվարի 2013
«Հալած յուղի» գործոնը
«168 ժամը» շուրջ 70 փորձագետի, գործարարի և պաշտոնյայի խնդրել է ներկայացնել «իրենց կարծիքով» երկրի 10 ամենահարուստ մարդկանց ցանկը և … տպագրել այն: Թերթն ինքն է հայտարարում, որ ցանկը կազմված է «հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա», այսինքն` չի կարող հավատ ներշնչել: Սակայն պարզվել է, որ ներշնչվող կա, այն էլ` տպագիր լրատվամիջոց. «Ժողովուրդը» «հալած յուղի» տեղ է ընդունել գործընկերոջ թվային աճպարարությունը և իր հերթին հոդվածի տեսքով արձանագրել, որ «հարստանալու ուղիղ ճանապարհը պետական պաշտոնն է»:
Հիմք ընդունելով ԱՎԾ տվյալները, «Ազգը» գրել է «Տնտեսական ակտիվության 7,2 տոկոս աճ Հայաստանում» հոդվածը, «168 ժամը»` վերաշարադրել նույն տվյալները, իսկ ահա «ՀԺ»-ն, «հալած յուղի» տեղ չընդունելով ԱՎԾ ցուցանիշները, հարցնում է` «… այդ ինչպե՞ս է լինում, որ երկրում արձանագրվում է 7 տոկոս տնտեսական աճ, բայց միջին աշխատավարձը նվազում է 2,2 տոկոսով»: Ի տարբերություն այս թերթի, «Ժողովուրդի» համոզմամբ տնտեսական ակտիվության կարևոր ցուցանիշը անշարժ գույքի շուկայի գործարքների աճն է, ինչը նույնպես մխիթարական չէ: «ՀԱ»-ն իր հերթին նախընտրական գործընթացները վերլուծում է ֆինանսական շուկայի համապատկերում: «Հրապարակը» կառավարությանը խորհուրդ է տալիս ոչ թե գործարարներից ակնկալել ոլորտի խնդիրներին առնչվող առաջարկներ, այլ հակառակը … Թերթը նաև հորդորում է «միս ու արյուն» տալ Հայաստանի շուկա մուտք գործելու «Կարֆուրի» մտադրությանը: Խորհուրդ տալու հարցում հետ չի մնում «Հայացքը»` «Ներկրվում, օգտագործվում է սննդամթերք, որը կարող է ռադիոակտիվ վարակվածություն ունենալ»:
«Գոլոս Արմենիին» ամփոփել է 2012թ. գյուղատնտեսության տարին և հանգել այն հետևության, որ գյուղացին աստիճանաբար շտկում է մեջքը: