չորեքշաբթի, 30 հունվարի 2013
«Օրերը ծուխ կըլին, տարին կմնա»
Անցած տարվա տնտեսական ակտիվության 7,2 տոկոս աճի թեմային անդրադարձել է «Օրակարգը»: ԱՎԾ համապատասխան տվյալները շարադրելուց հետո, մեկ այլ նյութում, թերթը փոխանցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցի առաջարկները կառավարությանը: Պետք է ենթադրել, որ այդ առաջարկներն ընդունելու դեպքում մեր գործադիրը հաջողությամբ կվերացնի «աճը խոչընդոտող գործոնները»: Նախ կառավարությունը «շատ լուրջ գնահատական պետք է տա իր գործունեությանը և համարձակություն ունենա շեշտադրումների հստակ փոփոխությամբ… լուծումներ առաջարկել երկրի առջև ծառայած տնտեսական խնդիրներին»: «Շեշտադրումը միանշանակ պետք է արվի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և կենսամակարդակի բարձրացման վրա» և այլն: Այսքանից հետո կառավարությանը գրեթե ոչինչ չի մնում անելու. 2013 թվականի հաջողությունն ապահովված է:
Խնդիրներ, այնուամենայնիվ կան, և դրանց մասին գրում են «Առավոտը» («Անգամ նախընտրական ամիսը գնաճը չի զսպում. թանկացել են հացը, ձեթն ու մակարոնեղենը», «Դեղին պետհամարանիշով տաքսիների վարորդները պահանջում են «սպիտակներին» էլ անհապաղ բերել օրենքի դաշտ»), «Ժամանակը» («Ատամնաբուժական կլինիկաները փակվում են, ստոմատոլոգներն էլ արտագաղթի ճամփան են բռնում»), «Հրապարակը» («Դուք հարկեր եք հնարում նույնիսկ բուժքույրերի, սանիտարների, ատամնատեխնիկների, բուժհիմնարկների պահակների համար», «Բյուջեն` ինչպես սեփական գրպանը»), «Իրավունք-հետաքննությունը» («Իսկ ո՞վ է պատասխանատու 300 խմ դեղորայքի ժամկետանց դառնալու համար»), «ՀԺ»-ն (Ավելորդ շռայլություն է Կենտրոնական բանկի «Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի շինարարությունը»):
Վերջում «Օրակարգն» իր ընթերցողներին ուրախացնում է` ֆրանսիական «Կարֆուրն», այնուամենայնիվ, երեք հիպերմարկետ կբացի Երևանում: