հինգշաբթի, 31 հունվարի 2013
Ուշագրավ հայտարարություններից անդին
«168 ժամը» և «Հայկական ժամանակը» արձագանքել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Բարեն Հիլարդի երեկվա հանդիպմանը («Հայաստանին կտրամադրվի 32 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն»), «Ժամանակը»` լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանի մի քանի հայտարարությունները որակել «ուշագրավ» («Անհրաժեշտ է, որ հարկային և մաքսային վարչարարության մեջ թափանցիկություն լինի»): «Օրակարգը» 2012 թ. 1000 խոշոր հարկատուների հարկային մուտքերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակմանն իր անդրադարձում («Խոշորներն ավելացնում են մասնակցությունը») գրել է, թե իբր «ուղղակի հարկերի ցածր մասնաբաժինը խոսում է նրանց «ստվերայնության» բարձր աստիճանի մասին», և թե 2012 թ. պետբյուջեով նախատեսված լրացուցիչ հարկերի զգալի մասի հավաքագրումն «ապահովվել է «լոյալ» ընկերությունների կանխավճարների հաշվին»: Թեմային արձագանքել է նաև «Հայկական ժամանակը»` «Ապահովի» տեսլականը»:
«Օրակարգում» վերջերս ստեղծված Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է «արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարության» իրականացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները («Քննարկում ենք սուբսիդավորել արտահանողների տոկոսադրույքները»): Ամերիկյան տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի զեկույցում հիշատակումը, որ հայաստանյան բանկերի ակտիվների 67%-ը պատկանում է օտարերկրյա կապիտալին, «168 ժամին» «դրդել է» հայտարարելու. թե «փաստորեն մեր գովերգած ու կայացած բանկային համակարգի հիմնական տերն օտարներն են»: Թերթը օրվա այլ հրապարակումներում անդրադարձել է զբոսաշրջության թեմային, թերևս նկատի ունենալով, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը» հաստատելու մասին որոշումը («Երևանի տատիկն ու պապիկը», «Ձեռքերը Գորիսին էլ հասավ»):
Ըստ «Ժողովուրդի» բազմաթիվ գործարարներ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի բացման»: «Առավոտը» հավելել է, թե «Carrefur» հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տալ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը:
Անդրադառնալով շարունակվող քարոզարշավի մանրամասներին` «Հայոց աշխարհը» նկատել է, որ նախագահի թեկնածուների մի մասը «չի շտապում հրապարակել իր նախընտրական ծրագիրը», «Ժամանակը» զրուցել է Հրանտ Բագրատյանի հետ («Ես մարգինալ չեմ, դա թյուրիմացություն է»), «Առավոտը»` ներկայացրել վերջինիս տեսակետները «երկրում տիրող թշվառության ու ուռճացված ընտրացուցակների մասին» («Գյուղերի պատուհաններին առաջ ապակի կար, հիմա ցելոֆոն է»): «Հրապարակի» փոխանցմամբ «իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները «ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու շուրջ», «Առավոտը» մանրամասներ է հաղորդել «Ագրարագյուղացիական միավորում Հ/Կ նախագահ Հրաչ Բերբերյանի երեկվա ասուլիսից («Թեկնածուն Բերբերյանից է թխել»):