շաբաթ, 2 փետրվարի 2013
Կուժ, քե՛զ եմ ասում, կուլա, դո՛ւ հասկացիր…
Պարզվում է՝ Պարույր Հայրիկյանի հանդեպ կատարված մահափորձից հետո երկրում ստեղծված իրավիճակը բնութագրելու առածը հայ ժողովուրդը ստեղծել էր դարեր առաջ։ Շատերն այն կարծիքի են, որ կրակելով անկախության խորհրդանիշ հանդիսացող գործչի վրա, հանցագործը համապատասխան «մեսիջ» է հղում նախագահի մյուս թեկնածուներին, պետությանն ու ժողովրդին («Առավոտ», «Ժամանակ», «168 ժամ», «Հրապարակ», «Գոլոս Արմենիի», «Ժողովուրդ» և այլն)։
Նախարար Մովսիսյանի տված այն տեղեկությունը, թե գազի գինը «Հայաստանի համար կլինի ԱՊՀ-ում լավագույնը», «Ժամանակը» միանշանակ չի ընդունել՝ նշելով, որ «Հայաստանին հենց այնպես լավագույն գին չէր տրվի», հավանական է, որ այն ձեռք է բերվել «պետության ինքնիշխանության համար բավականին թանկ գնով»։ Որոշ լրատվամիջոցներ տարաբնույթ մեկնաբանություններ են անում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի երեկվա մամուլի ասուլիսի վերաբերյալ՝ «ՀԲ-ն տեղյակ չէ Հայաստանի տնտեսության ստվերից» («Առավոտ»), «Ինչպես խոսել և չասել» («ՀԺ»)։ Իսկ ահա աշխատավարձը, ըստ «ՀԱ»-ի տվյալների, կտրուկ կբարձրանա, բայց միայն թղթի վրա, և հետո՝ «Հայաստանում, որն ունի ԱՊՀ-ում ամենաբարձր ակտիվությունը, գրանցվել է ԱՊՀ-ի աշխատավարձի ամենաքիչ բարձրացումը»։
«Ժողովուրդը», ներկայացնելով ընկերություններում անցկացված արտաքին աուդիտի որոշ արդյունքներ, ենթադրում է, որ ոչ դրական ցուցանիշ ունեցողներին շուտով կստուգի ՊԵԿ-ը։ Թերթն անդրադառնում է նաև Սևանա լճի խնդիրներին և կառավարությանը հիշեցնում, որ անտառածածկ հատվածների մաքրումն ավելի կարևոր է, քան ձկան պաշարի համալրումը։
«Հրապարակը» շարադրում է ստոմատոլոգիական ծառայության հարկը մեծացնելու օրենքի ընդունման պատմությունը, «Նովոյե վրեմյան» տեղեկացնում, որ հարկման նոր համակարգի ներդրման հետևանքով ստիպված է աշխատանքը լքել անշարժ գույքի գործակալների մի մասը։
Քանդակագործ Սահակ Պողոսյանի կարծիքով ժամանակակից արվեստը մեր երկրում արժանի գնահատական չի ստանում, որովհետև մեր բարձրաստիճան պաշտոնյաները «չեն սիրում արվեստը» («168 ժամ»)։