չորեքշաբթի, 6 փետրվարի 2013
Մեկ դյուցազն
Նախընտրական թոհուբոհից ինքնամոռացության մեջ ընկած ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քարոզարշավի եզրագծից դեռ շատ առաջ իր մեջ ի հայտ է բերել դյուցազնական հատկանիշներ և դրանք ներկայացրել զարմացած արմավիրցիներին: Մասնավորապես, նա երկխոսության և բանավեճի է հրավիրել գործող նախագահի ամբողջ թիմը` «վարչապետով, ֆինանսների նախարարով, ԿԲ նախագահով» («Առավոտ»): Ահա այս 101-րդ քայլն է արել նախկին վարչապետը` հընթացս խոստանալով հարկային բեռի վերաբաշխում «միջին և փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես» («Ժողովուրդ»): Իսկ «ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպության ղեկավարը երեկվա մամուլի ասուլիսում իր հերթին թվարկել է այն միջոցառումները, որոնք գործադրվել են փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով («ՀՀ»): Մասնակցելով նույն ասուլիսին, «Առավոտը» նկատել է, որ «ՓՄՁ վարկերը աննպատակ էլ են ծախսվում», իսկ «ՀԺ»-ն, օգտվելով պաշտոնական տվյալներից, պնդել է, որ իբր «ի հեճուկս փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու տարիներ շարունակ տրվող խոստումներին, իշխանություններն անում են ճիշտ հակառակը»: «Օրակարգին» էլ հրապուրել են մանրածախ առևտրի ոլորտի ցուցանիշները, որոնց համաձայն նույնպես «փոքր ու միջինը տեղի է տալիս»:
Երկրի արտաքին պետական պարտքի խնդիրը քննության է առել «ՀԱ»-ն, «Ժողովուրդը» կարծիք է հայտնել, որ Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու մտադրությունը «խիստ կասկածելի է ազգային անվտանգության տեսակետից», «Օրակարգն» արձանագրել, թե «ստվերը ԱՊՊԱ էլ է հասել», «Ժամանակը»` պաշտպանել Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նախաձեռնությունը, «ՌԱ»-ն վերլուծել գինեգործության զարգացման հեռանկարը, «ՀԺ»-ն փոխանցել «ատամնաբույժների ըմբոստությունը» վկայող հերթական դժգոհությունը, որն ի վերջո հանգում է երկիրը լքելու մտքին:
Բավական ստվար է Եվրազեսի թեման արծարծող մամուլը. «Հայաստանի և Ուկրաինայի շահերը չեն համընկնում մաքսային միության սկզբունքներին» («Ժամանակ»), «Մաքսային միությունը կարող է ընդլայվել մինչև Սիրիա՞» («Իրավունք»), «Մաքսային միության փոխարեն` կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ» («Օրակարգ»), «Եվրազես մտնելու առաջարկն ի սկզբանե եղել է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ հենց Հայաստանի» («Ժողովուրդ»):