հինգշաբթի, 7 փետրվարի 2013
ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
«Հայաստանի Հանրապետությունը» խորհրդարանի պատգամավորների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության անդամների երեկվա հանդիպմանն անդրադարձել է «Նպաստավոր պայմաններ «Carrefour»-ի համար» և «Արջի ծառայությունները» պատժվելու են» հրապարակումներում` հավելելով, որ «լավ ընտրություններ անցկացնելու վճռական տրամադրվածություն կա»: Հանդիպման մանրամասներին արձագանքել են նաև «Հրապարակը», «Հայկական ժամանակը» և «168 ժամը», որին առավել «հետաքրքրել» են «ատամնաբույժների դժգոհությունների մասին» կառավարության ղեկավարի մեկնաբանությունը և այն հարցի պատասխանը, թե արդյոք «ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիան հնարավո՞ր է»:
«Հրապարակը» գրել է, թե իբր Լեհաստանի դեսպան Ռաչինսկու երեկվա հարցազրույցը «իսկական փոթորիկ է առաջացրել հայ քաղաքական դաշտում», որին օրվա լրատվամիջոցներից մի քանիսը («ՀԺ», «Ժամանակ», «Օրակարգ») մի տեսակ «գումարել են» ֆրանսիական հանրահայտ «Կարֆուր» առևտրային ցանցի հայկական շուկա ներգրավվելու վերաբերյալ տեղեկատվությունը, վկայակոչելով նաև ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գրառումները Twitter-ի իր միկրոբլոգում:
«Առավոտում» ներկայացվել են արդյունաբերության զարգացման և արտահանման խթանման նպատակով վերջին շրջանում կառավարության ձեռնարկած միջոցառումները և գործարար համայնքի ներկայացուցիչների մեկնաբանությունը («Արդյունաբերության զարգացման բաղադրիչները»): «Հայկական ժամանակը» և «Ժողովուրդը» մանրամասներ են հաղորդել Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի երեկվա մամուլի ասուլիսից, «Օրակարգը»` անդրադառնալով հեռահաղորդակցության ոլորտի «հարկային հիմնահարցերին» («Հարկային հեռահաղորդակցություն») նշել, որ «մրցակցության թեժացումը վերադասավորել է շուկան»): «Գոլոս Արմենիին»` վերստին արձագանքել է խոշոր հարկատուների հարկային պարտավորությունների հիմնախնդիրներին, «Հայոց աշխարհը»` վերջին օրերին բուռն քննարկման առարկա դարձած արոտավայրերի պատկանելությանը («Ո՞ւմ համար են Հայաստանի արոտավայրերը. հայկակա՞ն, թե իրանական ոչխարների»):