չորեքշաբթի, 13 փետրվարի 2013
«Համատեղ կառավարման» նրբությունները
Ինչպես մի քանի օր առաջ գրել էր «Ժամանակը», ԲՀԿ-ին «խորթ» է «կոալիցիա» եզրույթը, բայց այս կուսակցությունը պատրաստ է «համատեղ կառավարման»: Այսօրվա համարում թերթը շարունակում է թեման և հավաստում, որ կոալիցիա վերադառնալու դիմաց ԲՀԿ-ն այժմ ավելի մեծ պահանջներ է դնում: Նրան չի բավարարում վարչապետի աթոռը, որից զատ ցանկանում է վերահսկել ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնները: ԲՀԿ-ն, պարզվում է, ունի նաև մշակույթի նախարարի ազատ աթոռին սպասող թեկնածու…
Այս բոլոր ցանկություններն, իհարկե, կարող են իրականություն դառնալ նախագահի ընտրությունից հետո: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշել է, որ նախագահի թեկնածուներից միայն երեքն ունեն ծրագիր, որտեղ թե՛ ընդհանրություններ, թե՛ հակասություններ կան` «ՀՀ», «Առավոտ»:
«ՌԱ»-ն քննության է առնում խոշոր հարկատուների ցուցակը և թվարկում այն հնարավորությունները, որոնք կառավարությունը ստեղծում է փոքր և միջին գործարարության զարգացման համար: Ինչպես միշտ, տնտեսական վերլուծություններն առատ են «Օրակարգում»` «Վարկերը գցել են որակը. բանկային համակարգը, չնայած ցուցանիշների որոշակի վատթարացմանը, կայուն է», «Յենը հավասարակշռել է պարտավորությունները. պետպարտքն անփոփոխ է մնացել շնորհիվ համաշխարհային արժույթների», «Մաքսերը դեմ են էժան ներկրմանը . ավտոպարկը Հայաստանում շարունակում է հնանալ»: Ի դեպ, մաքսային և հարկային ոլորտի բարեփոխումը հայ-վրացական տնտեսական հարաբերությունների կարևոր նախապայման է համարում վրացի փորձագետ Զաքարեիշվիլին` հընթացս նշելով, որ «Հյուսիս-հարավ» մայրուղուն Վրաստանում «լուրջ չեն վերաբերվում» («Ժամանակ»): Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղուն, ապա «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Բերձենիշվիլու կարծիքով, դրա բացման «գլխավոր խոչընդոտը» Ռուսաստանն է («Առավոտ»): Մեկ այլ վրացի` Վաշինգտոնի հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Վասիլի Ռուխաձեն իր հոդվածում արծարծում է այն միտքը, որ աբխազական երկաթուղու գործարկման և հայկական «Հյուսիս-հարավի» կառուցման դեպքում «Վրաստանն ու Հայաստանը կարող են մեկուսացնել Ադրբեջանին» («Օրակարգ»):
«ՀԺ»-ի փոխանցմամբ Հայաստանում «Կարֆուր» ցանցի թեման լրջանում է, քանի որ հիպերմարկետների բացումը հակասում է հայ օլիգարխների շահերին, իսկ նրանց դեմ «խաղ չկա»: