հինգշաբթի, 14 փետրվարի 2013
Նախընտրական գրառումներ
«168 ժամին» և «Օրակարգին» հետաքրքրել են կառավարության այսօրվա նիստի քննարկմանը առաջարկվող այն նախագծերը, որոնք վերաբերում են Երևանի ավագանու ընտրությանը և հայատառ գրադարանային հավաքածուների թվանշանային տարբերակի ստեղծմանը` կանոնակարգելու համար մասնավորապես «համակարգման հետ կապված իրավահարաբերությունները»:
ԿԲ խորհրդի փետրվարի 12 նիստի հաղորդագրությունը, որում ձևակերպվել են նաև գազի սակագնի հնարավոր թանկացման կանխատեսումներ, «Հայկական ժամանակը» որակել է «անհաշվենկատ գրառում», վերստին հիշեցնելով «հին երգը», թե «մատակարարվող ռուսական գազի գինը սկսել է բարձրանալ դեռ 15 ամիս առաջ», «պարզապես սակագինը չի փոխվել ներքաղաքական տարբեր պատճառներով»: Թեման շարունակել է նաև «Օրակարգը» («Գազը` կապույտ. կենտրոնական բանկը բացել է կառավարության խաղաքարտերը»), հընթացս բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հրապարակման («Հերթական անփոփոխը») և «զուգահեռ»` «168 ժամի»` 2012 թ. սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ԱՎԾ զեկույցի մասին հոդվածի («Պաշտոնական սուտն ու ընդդիմության անտարբերությունը»):
«Ժամանակը» նախ փորձել է «բացահայտել», թե «Միջազգային ի՞նչ արձագանք կունենա Հայաստան «Կարֆուրի» մուտքն արգելելը», հետո նշել, թե «Կառավարությունը կներկայացնի ատամնաբույժների հարկման նոր առաջարկներ», ինչին «միացել է» «168 ժամը», որը չխուսափելով «Արտոնագրային վճարների մասին» օրենքին անդրադարձից, փորձել է «բացահայտել» «ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ատամնաբուժական կրքերը»:
«Ոսկու շուկայի աշխատակիցները լքում են Հայաստանը». հայտարարել է «Ժողովուրդը»` հիմնվելով «Բաղնիքի ոսկու շուկայի» մի քանի աշխատակիցների «հավաստիացումների» վրա, ըստ որոնց` «վճարները» «նախագահական ընտրություններից հետո ծանրանալու են»: «Հայոց աշխարհը» հավելել է, թե իբր «էլեկտրոնային հաշվետվությունները վտանգված են» և «Հարկատուները» խուճապի մեջ են», «Հրապարակը»` արձագանքել Արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն ստեղծելու կառավարության նախաձեռնությանը` «Բա մասնավո՞րն ինչ անի»: «168 ժամը» «հանուն մարդկային կայուն զարգացման» Հ/Կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի հետ զրույցը խորագրել է «Օլիգարխ-հանքարդյունաբերողներն ընտրություններից հետ կպատժվե՞ն»: «Գոլոս Արմենիին» անդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի տնտեսական ցուցանիշներին, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի «շռայլ խոստումներին» և Հրանտ Բագրատյանի «թվերի խաղին», որից, ըստ թերթի, տպավորություն է առաջանում, որ «ազատ շուկայական հարաբերությունների և վայրի կապիտալիզմի հայաստանյան կնքահայրը և հայտնի «ռեֆորմատորը» վերածվել է սոցիալիստական գաղափարներ դավանող կոմունիստի, առաջարկելով ուժեղացնել պետության դերը տնտեսության կարգավորման և եկամուտների վերաբաշխման գործում, նշելով օլիգարխիայի և մոնոպոլիաների վերացման օրը» և այլն, և այլն: