չորեքշաբթի, 27 փետրվարի 2013
Օրակարգում կանխատեսումներն են
«Ժամանակի» հրապարակումները նշում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության առաջիկա նիստում «հնարավոր է», որ ներկայացնի Շիրակի «մարզպետի հիմնական թեկնածու» համարվող ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին, որ իբր «Խոսրով Հարությունյանն էլ է պաշտոն ուզում» «նոր ձևավորվող կառավարությունում», իսկ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն էլ «քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ» «ակտիվ հանդիպումների մեջ է»:
«Սոցիալական և մատչելի բնակարանները Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով երեկ կայացած կոնֆերանսին անդրադարձել են «Հայաստանի Հանրապետությունը» («Բնակարաններ կարիքավորներին. Հայաստանում սկսվում է սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր»), «Առավոտը» («Կընտրվեն ամենակարիքավորները») և «Օրակարգը» («Մատչելի Դիլիջան»), ըստ որի «սոցիալական բնակարանների ինստիտուտը Հայաստանում կոմերցիոն փուլ է մտնում»:
Ըստ «Ժողովուրդի» «վերջին շրջանում մի շարք տնտեսագետներ համարում են», թե դրամի փոխարժեքը իրականում «կառավարության կողմից արհեստականորեն զսպվում է» («Դրամի փոխարժեքի երերուն կայունությունը»), «Օրակարգի» տեղեկությամբ` «Դոլարիզացիան տեղի չի տալիս»: «Հայկական ժամանակը» վերստին վիճարկել է երկրի տնտեսական ցուցանիշներն ու «առկա հակասությունները», հրապարակումը խորագրելով «Լատինախառը թվեր»:
«Օրակարգը» տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության առաջիկա նիստում ներկայացնելու է պղինձ-մոլիբդենային հանքավայր շահագործող և մեծածավալ ներդրումներ իրականացնող «Թեղուտ» ընկերությանը հարկային արտոնության տրամադրման նախագիծ: