չորեքշաբթի, 6 մարտի 2013
Լրահոս
«Էպոսագետին» կալանավորել են, հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նոր նախագահ ունի («ՀԺ»), Ազատության հրապարակ հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները չեն ներկայացել ընդդիմության ղեկավարին («Ժողովուրդ», «Ժամանակ»), սկսվել է Վազգեն Խաչիկյանի դատավարությունը («Ազգ»), ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել («Օրակարգ»), ս.թ. հունվար ամսվա բյուջեի ծախսային ծրագրերն իրականացվել են («ՀՀ», «Օրակարգ»), դոլարի պահանջարկն ավելանում է («ՀԱ») կամ սպասումներն արժեզրկում են դրամը («Օրակարգ»), պետությունը շարունակելու է արդյունաբերության («ՀՀ») և գյուղատնտեսության («ՌԱ») աջակցությունը, բանկերը և իրական հատվածը կարող են վտանգվել թույլ կապի հետևանքով («Օրակարգ») և այլն:
Ըստ երևույթին «Ժողովուրդը» հիացած է իր գաղափարով և շարունակում է ընթերցողին ներկայացնել, թե ինչ արդյունքներ է ունեցել նախագահի ընտրությունը երկրի պաշտոնյաների բնակության վայրերում: Թերթը նաև թվարկում է արտագաղթի «բարեմասնությունը». ինչքան քիչ լինի բնակչությունը, այնքան փոքր կլինի հոգսը: «ՀԺ»-ն քննադատում է կառավարության վաղվա նիստում քննարկվելիք «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը` այն համարելով պաշտոնյաների «պարապության» արդյունք:
«Առավոտում» լրագրողական հոդվածով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը. «Ես առաջարկում եմ վերացնել ընդունելության քննությունները»:
«Ժամանակի» զրուցակիցը` ռուս պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին, քննության առնելով Հայաստանի` մաքսային միությանն անդամակցելու հարցը, հաստատում է, որ անդամակցությունը ենթադրում է երկրի «ինքնավարության որոշակի կորուստ» և հարց է ուղղում, թե Հայաստանը պատրա՞ստ է արդյոք դրան: