շաբաթ, 9 մարտի 2013
Մարշալին սպասելիս
«Օրակարգը» փոխանցում է գյումրեցիների կատակը. «Գեներալ-մայորին ճամփինք, գեներալ-լեյտենանտին էլ կճամփենք: Սպասենք գը մարշալին»: Խոսքն, իհարկե, մարզպետներին է վերաբերում:
Կառավարության վերջին նիստի մյուս հարցերը ևս արծարծվել են մամուլում: Ահա վերնագրերը. «Երևանի փոքր կենտրոնը` ուշադրության կենտրոնում», «Նոր աշխատատեղ ստեղծողի շահութահարկը կնվազեցվի» («ՀՀ»), «Գործարար միջավայրը բարելավող միջոցառումներ 2013-ին» («Ազգ»), «Կառավարությունը ներկայացրել է 13 տարվա ծրագիր, երբ մեկ ամսից հրաժարական է տալու» («ՀԱ»), «Առաջընթաց տեղապտույտում. ՀՖՖ-ն գնահատել է երկրները` ըստ զբոսաշրջային գրավչության», «Ընտրովի արտոնություններ» («Օրակարգ»): «ՀԺ»-ն, հայտնելով Էկոնոմիկայի նախարարի այն միտքը, թե «պետք է ընդհանրապես լավատես լինենք», կանխատեսում է մոտալուտ համաշխարհային ճգնաժամ, քանի որ անցած ճգնաժամի նախօրյակին էլ էր Տիգրան Դավթյանը նման բան ասել:
Կադրային կանխատեսումների առաջատարն, ինչպես միշտ, «Ժամանակն» է` «Բարգավաճ Հայաստանը» 5 մարզպետի և 4 նախարարի պաշտոն է ուզում», ինչպես նաև մտադիր է «վերահսկել» վարչապետի, ոստիկանապետի, ԱԱԾ պետի պաշտոնները, չհաշված մշակույթի նախարարի աթոռը, որին նստելու հարմար թեկնածու ունի: Հաջորդ «գուշակը» «Հրապարակն» է` «Ապագա կառավարության կազմը կախված է վարչապետի փոփոխությունից»: «ՀԺ»-ն, փոխանցելով Էդ. Շարմազանովի խոսքը. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կուսակցությունը ապագա կառավարության հարցը չի քննարկել», նույն էջում իբրև վարչապետ «շրջանառում» է ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի անունը: Այս թերթը, ինչպես նաև «Ազգը», շարունակում են արծարծել ֆրանսիական «Կարֆուրի»` հայկական շուկա մուտքի թեման, իսկ «Դելովոյ էքսպրեսը» ոչ միայն պարզաբանում է, թե ինչու են հայ գործարարները դարձյալ դժգոհ («Կառավարությունը ցանկությունը ներկայացնում է իրականության տեղ»), այլև փոխանցում Վրաստանի դեսպանի դատողությունները հայ-վրացական տնտեսական կապերի մասին` «Փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշներն անլուրջ են»:
«Դիլիջանը ճանապարհ է դեպի աշխարհի լավագույն հանալսարաններ», - «Օրակարգի» էջում հավաստիացնում է ՌԴ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: