երեքշաբթի, 12 մարտի 2013
Չարխի պտույտը
«Ժողովուրդը» հերթական անգամ դժգոհ է պաշտոնյաների առաջքաշման համակարգից, երբ «որոշ պաշտոնյաներ 20 տարի է` իշխանության վերին օղակներում են, ընդ որում, անընդհատ բարձրանալով իշխանական աստիճաններով»: «Օրակարգը» նույնպես դեմ է այս սկզբունքին: Իբրև տեղեկատվական առիթ օգտագործելով Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն բացելու հրամանագրին կառավարության հավանություն տալու որոշմանը, այս թերթը ոչ միայն քննադատում է դիվանագիտական կադրերի նշանակման պրակտիկան, այլև գտնում, որ «36 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի համար այս միլիոնները ճոխություն են»: Իսկ ահա «Հրապարակը» որևէ շռայլություն չի նկատում մարտի 8-ի առթիվ «պաշտոնյա կանանց» նվեր տալու` վերին ատյանների գործելակերպում:
«ՀԱ»-ն «ապշել է», երբ, ծանոթանալով կառավարության նիստի ամփոփագրին, տեղեկացել է, որ «հայրենի կառավարությունը զբաղված է սոցիալական քաղաքականության «նոր մեթոդաբանության» մշակմամբ: Թերթի պատկերացմամբ` «ասել կուզի` հինն իրեն չարդարացրեց, հիմա նորն ենք մշակում»: Մինչդեռ ակնհայտ է, որ նոր մեթադաբանության մշակումը միանգամայն արդարացված է. կյանքն առաջ է գնում, ծագում են նոր խնդիրներ, պետությունն ավելի մեծ հնարավորություն է ստանում ուշադրություն դարձնելու սոցիալական ոլորտին, իսկ դա պահանջում է … Եվ այլն:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար գործիչների ընդունելությունը ՀՀ նախագահի նստավայրում «Ժողովուրդին» և «Առավոտին» առիթ է տվել մեղադրելու, որ նրանք, իբր, համախմբելու փոխարեն պառակտում են կուսակցությունը:
Իբրև նախագահի այցի արձագանք կարելի է դիտարկել «Օրակարգի» «Պուտինի նվերը Հայաստանին», «Հրապարակի» «Ռուսաստանը կոշտ պահանջ չի՞ դնի», «ՀԱ»-ի «Ո՞ր ընտրությունը կնախընտրի Հայաստանը», «Իրավունքի» «Ի՞նչ սպասելիքներ կան ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումից» հոդվածները: Թեմային աղերսվում է «Գոլոս Արմենիի» հարցազրույցը Զարգացման եվրասիական բանկի Հայաստանի ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովի հետ: Այս թերթը անդադառնում է նաև «հողագործերի շաքարե երազանքին»` ներկայացնելով Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրները:
«Ի՞նչ է փոխվելու Հայաստանի գործարար միջավայրում 2013-ին», հարցրել է «Ազգը» և ներկայացրել այն ոլորտները, որոնցում տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել նպատակային բարեփոխումներ: Թերթի մի այլ հրապարակում տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի 2012թ. տարեկան զեկույցում «Պետեկամուտների կոմիտեի գործողություններում բազմաթիվ թերացումներ են արձանագրվել», որին արձագանքել է նաև «Օրակարգը» գրելով, թե «ՊԵԿ-ում ձեռնարկատիրությամբ են զբաղվում»:
«Ջրի սակագինը և՛ կնվազի, և՛ կբարձրանա», հայտարարել է «Իրատես դե ֆակտոն», նկատի ունենալով, որ «Երևան Ջուր» ընկերությունը ՀԾԿ հանձնաժողովին առաջարկել է «նվազեցնել մանրածախ ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայողական սակագներն» ու բարձրացնել «մեծածախի» գները, նաև կանխատեսելով, թե դա նշանակում է, որ «արտադրությանը «դժվար կյանք» է սպասում»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է ԱՊՊԱ ոլորտում առկա հիմնախնդիրներին ու նշել, թե ապահովագրական ընկերությունները «նվազեցրել են իրենց փոխհատուցման ծավալները»:
«Հայկական ժամանակը» ըստ «ճաշակի յուրո» մեկնաբանել է Ֆինանսների նախարարության հրապարակած «ՀՀ 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր» փաստաթուղթը: «Օրակարգի» հրապարակումներից մեկը տեղեկացրել է, թե Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության «ստուգումները խախտումներ են հայտնաբերել մի շարք տնտեսավարողների մոտ», մյուսը թե` «էլեկտրաէներգիայի արտադրությունը դոփում է «Երևանի ՋԷԿ-ում»: