երեքշաբթի, 19 մարտի 2013
Ստվերը ծածկում է երկիրը
Խոսքն, իհարկե, կառավարության ստվերի, կամ ստվերային կառավարության մասին է, գաղափար, որն աշխուժորեն արծարծվում է օպերայի հրապարակում և լրատվամիջոցներում. «Ստվերային կառավարության ոչ ստվերային արձագանքները» («ՀՀ»), «500 հազարանոց տուն-տունիկ» («Հրապարակ»), «Ստվերային բառն ինքնին տարօրինակ է» («Ժողովուրդ»), «Պարտադիր չէ այլընտրանքային կառավարության ստեղծումը» («168 ժամ»), «Ո՞ւմ պատճառով չկայացավ ընդդիմության համախմբումը» («Առավոտ»), «Կառավարության ստվերայինն է լավ», «Ինչո՞ւ են անուններ հնչեցնում առանց համաձայնեցնելու» («Դե ֆակտո իրատես»), «Նիկոլ Փաշինյանին կհեռացնե՞ն Ազատության հրապարակից» («Իրավունք»): Այս վերջին երկու թերթը իրենց մտորումներն արտահայտել են նաև, մի դեպքում` ծաղրանկարով, մյուսում` «Ընկ. Փանջունու անկյունում»: Բարեբախտաբար, առայժմ հրապարակված է շուրջ յոթ տասնյակ անուն: Գաղափարի հեղինակներն սպառնում են ստվերային կառավարության կազմը հասցնել երեք հարյուրի… Այդժամ ստվերն անկասկած կծածկի մեր ամբողջ երկիրը:
Բուն կառավարության ապագա կազմը նույնպես հետաքրքրում է մամուլին: «Ժողովուրդն», օրինակ, տեղյակ է, որ նախագահը չի պատրաստվում էական փոփոխություն կատարել գործադիր մարմնում, «մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետին պաշտոնանկ անել»: «Ժամանակը» մատնանշում է կառավարության ձևավորման երկու ժամկետ` մայիսի 5-ից առաջ և հետո, ինչպես նաև հավաստում, որ ամեն դեպքում կառավարությունում ընդգրկված չի լինելու տրանսպորտի ներկայիս նախարարը:
«Առավոտում» հրապարակված «Գիլյոտինն իր գործն անում է» հոդվածը տեղեկացրել է, որ «կարգավորիչ գիլյոտինի կիրառմամբ», որի նպատակը «կառավարման արդյունավետության բարձրացումն է» և «գրավիչ բիզնես միջավայրի» ստեղծումը, արդեն «անցել են հանրային ծառայությունների, առողջապահության, տրանսպորտի ոլորտներում գործող իրավական նորմատիվ ակտերը»: «Ժողովուրդը», հակառակը, ՀՀ կառավարության աշխատակազմի օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի նախաձեռնությունը և առաջարկները տաքսի ծառայությունների աշխատանքի կարգավորման նպատակով որակել է «բարեփոխում` ուղևորների անվտանգության հաշվին», որին հարցադրումներով միացել են նաև «Ազգը» («Կպչուն կտրոններն ավելի լավ են երևում, քան դեղին համարնե՞րը») և «Հայոց աշխարհը» («Դեղի՞ն, թե սպիտակ. ի՞նչ են ուզում տաքսիստներից»):
«Իրատես դե ֆակտոն», «Հայոց աշխարհը» և «Ազգը» անդրադարձել են Հայաստանում «Հոնդա մոտոր» ընկերության ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը, «Օրակարգում» ԶԵԱԲ-ի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը առաջիկա տարիների համար առաջնահերթ է համարել «արտահանմանը միտված և ներմուծմանը փոխարինող արտադրական հզորությունների զարգացումը» Հայաստանում:
«Հայկական ժամանակը» կառավարության 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին իր «հերթական» անդրադարձում շարունակել է փորձել համոզել, թե իբր «տնտեսական այն «մոդելը», որը ներդրվում է Հայաստանում առնվազն 10 տարի շարունակ, ոչ մի ընդհանուր բան չունի մրցակցության հետ»: «Իրատես դե ֆակտոն» գրել է, թե «կառավարությունը մտադիր է շատ արագ կերպով ԱԺ-ում հաստատել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքը («Կհանվի՞ «վարկ» բառը, թե ոչ»): Թեմային արձագանքել է նաև «Օրակարգը»` «Կառավարական շտապողականություն»: «Գոլոս Արմենիի» հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Հրաչյա Ծուղունյանը նշել է, որ «Էներգետիկայի զարգացումը պետք է համապատասխանի տնտեսական զարգացման ծրագրերին»: