ուրբաթ, 19 ապրիլի 2013
Փորձի և գիտելիքի ժամանակը
ՀՀԿ գործադիր մարմնի որոշմանն արձագանքել են գրեթե բոլոր թերթերը` «Վստահություն փորձին և գիտելիքներին» («ՀՀ»), «Կառավարությունը կրկին կգլխավորի Տիգրան Սարգսյանը» («Օրակարգ»), «Գործող վարչապետը կշարունակի իր պաշտոնը» («Ազգ»), «Կառավարությունը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները» («Առավոտ»), «Տիգրան Սարգսյանը բոլորին հակառակ կաշխատի» («Ժողովուրդ»), «Առաջադրեց» («ՀԺ»), «ՀՀԿ»-ն ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին («Հրապարակ»): Թեման եզրափակում է «Իրատես դե ֆակտոն»` շնորհավորելով Տիգրան Սարգսյանին և մաղթելով «բեղմնավոր գործունեություն գործադիր իշխանության ղեկավարի դժվարին ու պատասխանատու աշխատանքում»:
Կառավարության երեկվա նիստի հարցերին արձագանքել է «Օրակարգը» («Գործադիրը որոշել է մեկ անգամ էլ զբաղվել պետգնումներով»): «Հրապարակը» նախարարներից պարզել է, որ նիստում վարչապետի նշած թերությունները չեն վերաբերում «կրթության, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի» նախարարություններին: «ՀՀ»-ն մանրամասնել է օրակարգի մեկ այլ հարց` Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում: «Ինչո՞ւ է Եվրամիությունը պահանջում փակել հայկական ատոմակայանը» հարցով «Հայաստանի զրուցակիցը» դիմել է Աշոտ Մարտիրոսյանին: Խնդրո առարկայի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև Հրաչյա Պետրոսյանը, Ինգա Զարաֆյանը և Վազգեն Մանուկյանը:
«Հրապարակի» վկայությամբ շարունակում է քննարկվել ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու հարցը, իսկ «ՀԺ»-ն հավատացնում է, որ «նախօրեին հանդիպել են Տիգրան Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը»:
ՀԱԿ նորաստեղծ կուսակցության ղեկավարի հայտնի ելույթից հետո մամուլը ստիպված եղավ քննության առնել կուսակցական շինարարության տարատեսակ հարցեր: Այսօր բուրժուա-դեմոկրատական և լիբերալ-բուրժուական վաղուց մոռացված բառակապակցություններն են վերլուծում «Առավոտը» և «Իրատես դե ֆակտոն»:
Երկրի ՀԿ-ների ֆինանսական աջակցությունը «Հրապարակը» հակված է դիտարկել իբրև կոռուպցիայի դրսևորում: «Հայաստանի ավիացիայի ողբերգության հիմքերն» է շոշափում «Իրավունքը»:
«Իրավունքում» հրապարակված «Հայկական գինու նոր վարկանիշը» հոդվածը ներկայացրել է վերամշակող արդյունաբերության կարևոր, միաժամանակ արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտի «որակական զարգացման և նոր շուկաներ գտնելու ուղղությամբ» ձեռնարկված պետական քայլերն ու դրական արդյունքները: «Հրապարակում» տպագրված «Ովքե՞ր են ՏՄՊՊՀ-ի խոշորացույցի տակ» հոդվածում, հընթացս վերջին 1-2 տարիների ընթացքում կազմակերպության նպատակային գործունեության լուսաբանման, կարևորվել է, որ գործարարության խթանմանը ու մրցակցային մարմնի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը նպաստել են «կառավարության աջակցությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունները»:
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող ծրագրերին, որոնցից ակնկալիքը ի վերջո է` «Հայկական ՏՏ ապրանքային նշանը»` համաշխարհային շուկայում»:
«Հայոց աշխարհը» արձագանքել է շուկայում հայկական պանրի «անհետացմանը», միանալով «Իրավունքի» հրապարակմանը` «Թղթին նկարված կովերից նույնիսկ գյուղնախարարը կաթ չի ստանա»:
«Հրապարակի» հետ զրույցում Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ «Աշխարհին խելք ենք սովորեցնում, մենք ապրում միջնադարի կանոններով»: «Օրակարգը» գրել է, որ «Բիզնեսը Հայաստանում գործարար միջավայրի բարելավում է տեսել», «Ժողովուրդը»` «գուժել», թե իբր «Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում», և «որոշ բանկեր լուրջ խնդիրներ ունեն», ինչը, ըստ թերթի, կապված է «վարկի դիմաց բանկում գրավադրված գույքի հետ»: