չորեքշաբթի, 24 ապրիլի 2013
Հանրության հիասթափությունը
Պարզվում է՝ հասարակությունը յուրօրինակ բավականություն է ստանում կադրային փոփոխություններից, երբ պաշտոնյա են ազատում-նշանակում, հարկ եղած դեպքում՝ պատժում: Զարմանալի չէ, ուրեմն, որ իշխող կուսակցության ղեկավարության նիստերը լրատվամիջոցների այդքան մեծ ուշադրությանն են արժանանում: Եվ որքան մեծ է սպասումը, այնքան էլ մեծ է հիասթափությունը, եթե կադրային որևէ նորություն չի լինում, ինչպես երեկ. «Դեռ բանակցում են» («ՀԺ»), «Նիստ ոչնչի մասին կամ ՀՀԿ-ն հոգնած էր» («Ժողովուրդ»): Եվ մինչ որոշ լրատվամիջոցներ «սրտի թրթիռով» շարունակում են գուշակություն անել, թե նախարարներից ով ինչ ճակատագիր կունենա («Իրատես դե ֆակտո», «Հրապարակ», «Ժողովուրդ»), «Հայաստանի զրուցակիցը» հասցրել է իմանալ, որ վարչապետը չի փոխվել:
Թերթերից երկուսը՝ «Իրատես դե ֆակտոն» և «Իրավունքը», փորձել են պարզել, թե սպասվո՞ւմ է արդյոք աշխատավարձի և թոշակի բարձրացում. պարզել են, որ «2014-ից շուտ աշխատավարձի բարձրացումը կասկածելի է»:
Ըստ «Օրակարգի», գործադիրն ԱՄՀ-ի հետ քննարկում է վարկային նոր միջոցներ ներգրավելու հնարավորությունը, «ՀԱ»-ն հոդված է նվիրել տեսչական բարեփոխմանը, «ՌԱ»-ն՝ արդյունաբերության պետական աջակցության ծրագրին և մատչելի ուսանողական վարկերին:
«Ազգի» քաղաքական վերլուծաբանը դիտարկում է Հայաստանի ինտեգրման հնարավորությունները, «Առավոտը» ներկայացնում 2013-ի մշակութային խճանկարը:
Եվ ինչպես միշտ՝ «Արմավիան». թեման զարգացնում և նոր մանրամասներ են հաղորդում «Հրապարակը», «Իրավունքը», «Առավոտը», «ՀԱ»-ն, «ՀԺ»-ն, «Օրակարգը». այս վերջին թերթը նաև հայտնում է, որ երկու ամսից «հստակեցում» է լինելու «Նաիրիտի» հարցում, իսկ ահա լավատեսության հարցում, ըստ Գելափի տվյալի, հայերը զիջում են հարևաններին: