ուրբաթ, 3 մայիսի 2013
«Ուզում էին տեսնել, լսել նրա խոսքը»
Ինչո՞ւ էին գյումրեցիները, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ուզում տեսնել, լսել ԲՀԿ առաջնորդի խոսքը. «որովհետև վաղուց չէին լսել» («Իրավունք»): Այս ոգով նյութեր են տպագրել «Ժամանակը», «Հրապարակը»՝ «ԲՀԿ-ին սատարում էին նաև աբովյանցի դպրոցականները» (ի դեպ, թերթն այսպես է նկարագրել տիկին Զոհրաբյանի երեկվա ելույթի նախերգանքը. «Ապա բարձրախոսին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու մի շնչով դատարկեց սիրտը՝ նորից ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության»): Տեսնելով, որ իր «հակակառավարական» իղձերն անկատար են մնում, ԲՀԿ-ն ստիպված եղավ հարցը լուծել «հակառակ ծայրից». Վարդան Օսկանյանը քարոզարշավի վերջին օրերին Երևանի քաղաքապետի պաշտոնն սկսեց ընկալել իբրև «Երևանի վարչապետի» պաշտոն:
Կառավարության երեկվա նիստի արձագանքը մամուլում. «Կհամատեղվե՞ն Տիգրան Սարգսյանի և Հրանտ Բագրատյանի ցանկությունները» («Ժամանակ»), «Ի՞նչ պրոբլեմ ա կառավարություն գնալը» («Իրատես դե ֆակտո»), «Գործող վարչապետը համամիտ է նախկինի հետ» («Ազգ»): Օրակարգի տարբեր հարցերին անդրադարձել են նաև «ՀԱ»-ն, «ՀԺ»-ն. այս վերջին թերթը լսել է, որ ԱԺ նախագահը աշնանը «կրկին հրաժարական է տալու»: Խորհրդարանի խոսնակը հերքել է այդ լուրը, ինչպես նաև այն, որ ինքն, իբր, 2018-ին նախագահի թեկնածու է լինելու:
«Ժողովուրդը» շարունակում է պնդել, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը «պարզապես մահակ է անցանկալի լրատվամիջոցների գլխին», «Հրապարակը» փոխանցում է մշակույթի նախկին նախարարի կարծիքը, թե «մշակույթի նախարարին այդքան շուտ-շուտ փոխել չի կարելի»:
«Հայաստանի զրուցակիցն» անդրադարձել է 2013 թ. առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշներին, դրանք համադրել Վերականգնման և զարգացման Եվրոպական բանկի՝ 2012 թ. անցումային գործընթացի մասին զեկույցում նշված զգուշավոր կանխատեսումների հետ ու եզրակացրել, որ «տնտեսությունը աճում է, բայց կյանքը չի լավանում»: Մի այլ հրապարակման մեջ թերթը «առաջանցիկության մղմամբ» փոխանցել է քաղաքացիների սպասելիքները տակավին չձևավորված նոր կառավարությունից:
«Օրակարգը» հարցազրույցի է հրավիրել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին՝ «Հարուստ անհատների հարկումը պետք է ուժեղացվի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե «դոլարը նվաճում է տնտեսությունը», մասնավորապես առաջին եռամսյակի վերջին արձանագրված դոլարիզացիայի աճը «հիմնականում պայմանավորված է դրամի արժեզրկմամբ», ինչին միացել է նաև «Հայոց աշխարհը»՝ «Բնակարանների գները դրամով բարձրացել են, դոլարով՝ մնացել անփոփոխ»:
«Ժողովուրդը» փոխանցել է «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ ղեկավար Գևորգ Դոստուրյանի հայտարարությունը, թե «տրանսպորտի տեսչությունը դադարեցրել է ստուգայցերը» ու հանգել հետևության, թե «դեղին պետհամարանիշներով տաքսիների առանձնացումը… չի վերահսկվում»: «Օրակարգը» անդրադարձել է էժան ավտոմեքենաներով (տարիքը գերազանցում է 10 տարին) Հայաստանի ավտոպարկի համալրման հիմնախնդրին («Բարձր տուրքեր և նվազող գնողունակություն. Հայաստանը վերածվում է ավտոմեքենաների գերեզմանոցի»), «Հայկական ժամանակը»՝ «վրացական տարբերակով» հակադարձել ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի վերջերս արած հայտարարությանը, թե «Հայաստանում շաքարավազն ավելի էժան է, քան հարևան երկրներում» («Այն ո՞վ ասաց՝ էժան է»):
Եվ ինչպես միշտ՝ «Արմավիան». «Ժողովուրդը» տպագրել է «Ո՞վ թաղեց Հայաստանի քաղավիացիան» հոդվածը: