երեքշաբթի, 7 մայիսի 2013
Օգտակարի և հաճելիի համադրությունը
Պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ է կառավարության փոփոխության կողմնակից, «որովհետև կազմն իմ համար այնքան էլ հաճելի չէ», խոստովանել է նա («Ժողովուրդ»): Օրվա գլխավոր թեման արծարծել են նաև «Առավոտը», «Հրապարակը», «ՀԺ»-ն, «168 ժամը», «Ժամանակը»:
Բազմազան է տնտեսական հարցերի անդրադարձը. պետական պարտք («ՀԺ»), «անամոթաբար քիթը բոլոր ոլորտները խոթած գնաճ» («Իրատես դե ֆակտո»), ԱՊՊԱ-ի վնասաբերության, համաշխարհային շուկայում մետաղի գնի, Երևանում՝ փոքր խանութների թվի նվազում («Օրակարգ»), գյուղի անմխիթար վիճակ («Հրապարակ»՝ «Թշնամուն մնում է ոտքով գա և տեր կանգնի մեր Հայրենիքին», «ՀԱ»՝ «Ոչխարի արտահանումը դարձյալ թափ է հավաքում», «Իրավունք»՝ «Պարարտանյութի տեղական արտադրությունը ոմանց կզրկի մեծ փողերից»), պետգույքի կառավարման ոլորտ («Գոլոս Արմենիի»):
«ՀԱ»-ի փոխանցմամբ բիոզուգարանների չարաբաստիկ խնդրին անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատը. պիլոտային այդ ծրագիրը «խայտառակ կերպով ձախողվել է»:
«Ազգին» բոլորովին դուր չի գալիս աշխատանքային օրերի «անիմաստ» տեղափոխությունը. թերթը ստեղծարար աշխատանքին անմնացորդ նվիրվելու համոզված կողմնակից է թվում…
Եվ ինչպես միշտ՝ «Արմավիան». «Իրատես դե ֆակտոն» տպագրել է «Բաց երկի՞նք, թե՞ հայկական ավիացիայի կործանում» հոդվածը: