երեքշաբթի, 14 մայիսի 2013
Առածը և իրականությունը
Առածի «գործառույթն» արդյունավետ կլինի, եթե դրա բովանդականությունից դաս առնվի ճիշտ ժամանակին, այլ ոչ թե բերքի լիակատար կորստից հետո: Մինչ «ՀՀ»-ն անշտապ պատմում է դեպքերի հաջորդականությունը՝ «Կարկտահարություն երկու մարզում. գյուղնախարարությունը աջակցության ձևերն է ճշտում», մնացյալ մամուլը տագնապ է հնչեցնում. «Հարյուր տոկոսով վնասվել են Արմավիրի գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները» («Ժամանակ»), «Թնդանոթի կրակն ամպերին է ուղղված» («Նովոյե վրեմյա»), «Տարերային աղետը իշխանության արդյունավետության ստուգման արդյունավետ միջոց է» («Գոլոս Արմենիի»), «Կարկտից տուժած գյուղացիներին առայժմ խորհրդատվական թերթիկներով են օգնում» («Առավոտ»), «Ապահով Հայաստանի անապահով գյուղացիները» («168 ժամ»), «Բերքի կորուստը՝ 45-50 տոկոս արդյունավետության հակակարկտային համակարգի հետևանք. 5 տարի առաջ ընտրվեց այս համակարգը նախկին՝ 94 տոկոս արդյունավետություն ունեցողի փոխարեն» («Ազգ»), «Ավելի սերմ՝ կորցրած միլիոնների դիմա՞ց» («Հրապարակ»), «Հուսահատված գյուղացիներին պետք է ոգևորել» («Ժողովուրդ»), «Հակակարկտային բիզնես և միլիարդների կորուստներ», «Բոլորի տանը լացուկոծ է» («Իրավունք»):
Հաջորդը եկեղեցու բացմանը հրավիրել-չհրավիրելու, գնալ-չգնալու թեման է, որը մամուլը «բացահայտել» է լիովին և վերջնականապես:
Նոր կառավարությանը արժեքավոր խորհուրդներ են տալիս «Իրատես դե ֆակտոն» («Կյանքի որակը և մնացածը, որ բոլորս այնքան լավ գիտենք», «Պետք է վերականգնել վստահությունը»), «Ժամանակը» («Տ.Սարգսյանը պայծառ ապագայի հարցում համագործակցողներ թող գտնի իր շրջապատում», - ասույթի հեղինակը նախկին ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն է): «Գոլոս Արմենիին» ամփոփել է սոցիալական բնակարանաշինության արդյունքը և ծանոթացրել առաջիկա ծրագրին:
«Ժողովուրդի» փոխանցմամբ Արցախյան ազատամարտի 50-ից ավելի մասնակիցներ կառավարությունից պահանջում են արմատապես վերանայել մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական երաշխիքները, կատարել կենսաթոշակի վերահաշվարկ և համապատասխան փոխհատուցում: Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը», «Հրապարակը», «Իրատես դե ֆակտոն», «Օրակարգը»:
«Հայկական ժամանակը» նախ տեղեկացրել է, որ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, հետո էլ հավելել, թե իբր դրա նպատակն է «ցույց տալ, որ մենք ունենք… միջազգային չափանիշներին համապատախան օրենք»: «Օրակարգը» արձագանքել է 2013թ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի այն հատվածին, որը հրապարակել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը («Արտագաղթն ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն»): Թերթը նաև տեղեկացրել է, որ «առաջին կիսամյակում հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 39,4 մլրդ դրամ», «բանկերն ավելացրել են… հարկերի ծավալը», որում «ներառվել է նաև աշխատակիցների կողմից վճարվող եկամտային հարկը»:
«168 ժամի» հետ զրույցում ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող Ազատ Սարգսյանը հայտարարել է, թե «այսօր գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ-ի 0,24%-ով» («Գիտության հերն անիծելու ավելի կարճ ճանապարհ չկա»), «Հայոց աշխարհը» մտահոգություն հայտնել, թե «ավելացման միտում ունի Հայաստանից ոչ առևտրային նպատակով կատարվող մասնավոր փոխանցումների արտահոսքը» («Կապիտալի արտահոսքը երկրից ավելանում է»):