ուրբաթ, 17 մայիսի 2013
Տարերքի ուժը
Այդ ուժը «Հրապարակն» առաջին անգամ տեսել է այն օրվա «մատաղի սեղանի» գրոհի ժամանակ, և հիմա մտածում է՝ «Ժողովուրդ, ինչո՞ւ ձեր ուժը համապատասխան տեղում չեք օգտագործում: Ախր դուք շատ ուժեղ եք, է˜…»: Պարզ է, չէ՞, որ «Հրապարակը» «Ժողովուրդի», «ՀԺ»-ի, «Ժամանակի», նույնիսկ «Օրակարգի» իր գործընկերների հետ «սոցիալական բունտ» է երազում, նույնիսկ կանխագուշակում. իբր՝ քաղաքական դաշտն ամուլ դուրս եկավ, բայց առատ հունձ կարող է լինել սոցիալական դաշտում (առատ հունձն էլ իշխանափոխությունն է): Գազի խնդրի բուն էությունը բացահայտելու փորձ են արել «ՀԱ»-ն, «Հայացքը», «Իրավունքը», «Ազգը», «ՌԱ»-ն և մի քանի այլ լրատվամիջոցներ:
Կառավարության երեկվա նիստում արծարծված մյուս հարցերը ևս այս կամ այն կերպ արտացոլվել են մամուլում՝ «Սպայկայի» մասնաշենքի հրդեհը, կարկտահարության հետևանքի մեղմացմանն ուղղված ջանքերը, կառավարության ծրագրի նախագիծը, եվրապարտատոմսի ներդրման առաջին քայլերը… Այս վերջին թեման առավել ընդգրկուն է ներկայացրել «Ազգը»՝ գումարելով նաև գյուղացիներին աջակցելու և ինուլինի գործարան կառուցելու ծրագրերը: «Առավոտը» տպագրել է «Սոսկական արտոնությո՞ւն, թե՞ խթանում» հոդվածը, որտեղ շոշափվում են շրջանառության հարկի կիրառման նպատակները:
«Դելովոյ էքսպրեսը» գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով արտագաղթի նոր ալիք է կանխատեսում՝ այս անգամ գործազուրկների հաշվին:
Մամուլը հանգիստ չի թողել նաև նորանշանակ նախարարներին. «Ժողովուրդը» ներկայացնում է Վահրամ Ավանեսյանին, «Հրապարակը»՝ Յուրի Վարդանյանին:
Մի խոսքով՝ մտահոգություններն ավելի շատ են: «Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում ինչ-որ բան անել», հարց է տալիս «Իրատես դե ֆակտոն» և ինքն էլ պատասխանում՝ «Ցանկության դեպքում՝ այո». հոդվածագիրն առաջարկում է վերագործարկել Ալավերդու կաբելի գործարանը, կյանքի կոչել հելիոֆիկացման համակարգը և, վերջապես, փոխել «կառավարման կառույցների աշխատաոճը»՝ պաշտոնյաներին դարձնելով «հայրենիքին, հասարակությանը» նվիրված պետական գործիչներ, որոնք պետք է օրական աշխատեն 16 ժամ, հրաժարվեն «ամեն տեսակի բարեկեցիկ կենցաղավարությունից»: Թերթի մեկ այլ հոդվածագիր առաջարկում է թերացող պաշտոնյաներին նաև վախեցնել կամ քրեական պատասխանատվության ենթարկել: