հինգշաբթի, 23 մայիսի 2013
Տարաբնույթ գնահատականների տիրույթում
Կառավարության ծրագրի խորհրդարանական «թեժ» քննարկումները լայն արձագանք են գտել մամուլում: Ահա վերնագրերը. «Պատգամավորները գնահատականներ տվեցին» («ՀՀ»), «Ծրագիրը առաջարկում է մարտահրավերների լուծումներ» և «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ» («ՀԱ»), «Խորհրդարանը շուռումուռ է տալիս կառավարության ծրագիրը» («Ազգ»), «ԱԺ նիստի հեզասահուն ընթացքը» («Ժողովուրդ»), «Պոպուլիզմը՝ սկզբունք» («Հայկական ժամանակ»), «Կառավարությունը ամբողջությամբ ձախողել է իր նախորդ ծրագիրը» («Ժամանակ»): Թեման արծարծել են նաև «Գոլոս Արմենիին» և «Առավոտը» («Ընդդիմությունը նրա համար է, որ կառավարության ծրագիրը քննադատի»): «168 ժամի» հետ զրույցում էլ Բագրատ Ասատրյանը ասել է «…հերիք է այս կառավարությունը բզկտեք»:
«Ժողովուրդը» և «168 ժամը» անդրադարձել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Արմավիրի մարզ կատարած երեկվա այցին և կարկուտից տուժած գյուղացիների հիմնախդնիրներին: «Ժամանակը» հավելել է, որ «Արմավիրցիները կառավարության որոշմանը այսօր են սպասում»:
«Օրակարգի» փոխանցմամբ «կառավարությունը դատի է տվել «Արմավիային»՝ պահանջելով չվճարված «օդի փողը»: Ըստ «Ժամանակի» տեղեկության «ծրագրի հաստատումից հետո սպասվում են պաշտոնանկություններ»:
ԱՄՆ դեսպանատանը երեկ կազմակերպված «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով համաժողովի մանրամասներին «Օրակարգն» անդրադարձել է «Գազը համաժողովում» հրապարակման մեջ: «Ազգը» («Գազի սուբսիդավորման համար Որոտան ՀԷԿ-ը չի վաճառվի») և «Հայոց աշխարհը» («Որոտան ՀԷԿ-ը չի վաճառվում») առավելապես կարևորել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պարզաբանումները, նույն «Հայոց աշխարհը» նաև «սահմանել է», թե «գազը սահմանի վրա թանկանալու է 5 տոկոսով»: