հինգշաբթի, 30 մայիսի 2013
Հեռուստահաղորդավարը նաև գլխավոր խմբագիր է
«168 ժամի» տիկին գլխավոր խմբագիրն ամենայն հավանականությամբ և իրավացիորեն դժգոհ է մնացել նախորդ կիրակի օրվա իր հեռուստահաղորդումից, որի հյուրն էր ՀՀ վարչապետը: Չնայած վաղօրոք մանրակրկիտ պատրաստված հարցերին, դրանցից և ոչ մեկը «գիտելիքահենք» չէր և վկայում էր, որ հաղորդման հեղինակը խիստ մոտավոր պատկերացում ունի երկրի տնտեսության, կառավարության գործունեության և այլ թեմաների վերաբերյալ: Դրա փոխարեն հեռուստահաղորդավարը ամբողջ ժամանակ վարչապետին դիմում էր անուն-ազգանունով և ոչ մի անգամ՝ պաշտոնով. թող յուրայիններն իմանան, որ ինքը նրան լեգիտիմ չի համարում: Բայց և այնպես անբավականության զգացումը տիկին գլխավոր խմբագրին հանգիստ չի տվել, և դա երևում է այսօրվա հրապարակումներից, որոնց վերնագրերը միայն ինչ ասես արժեն՝ «Ռեկորդագիր կառավարություն», «Տիգրան Սարգսյանի խոստովանությունը», «Դեպի ստամոքսահեն տնտեսություն», «Որքանով են իրատեսական կառավարության ծրագրում նշված խոստումները», նույնիսկ «Կա փաստարկ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, բայց Պուտինը չի սիրում նման պատմություններ» վերնագրով հրապարակման զգալի մասը քննադատություն է վարչապետի հասցեին: Բայց թերթի «մահացու» հարվածն, անշուշտ, այն հոդվածն է, որը հեղինակել է մեկ այլ լրատվամիջոց և որը պնդում է, թե իբր վարչապետը առնչություն ունի օֆշորային ընկերություններից մեկի հետ: Նշված պնդումը հերքելուց զատ վարչապետը, իր մամուլի խոսնակի տեղեկացմամբ, պատրաստվում է դիմել դատախազություն՝ «դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով»: Թե ինչպես է այս ամենը մեզանում սովորաբար կապվում, դասդասվում, նկարագրել է «Առավոտի» գլխավոր խմբագիրը՝ «Վերլուծական թռիչք»:
2012թ. բյուջեի կատարողականի քննարկումը նույնպես «թեժ» է լինելու. «Բյուջեն կատարել են 93,4 տոկոսով» («Ժողովուրդ»), «Գլամուր թվերով» («Ժամանակ»), «Բյուջեի կատարողականի թվերը հասկանալու խնդիրներ կան. Փաշինյանն առաջարկում է դուրս գալ փողոց և ստուգել աճի և «փայլուն թվերի» արդյունքը» («Առավոտ»): Նոր զարգացում է ստանում բիոզուգարանների հարցը. պարզվում է՝ դրանք ամենևին էլ «բիո» չեն («Ժողովուրդ», «ՀԺ»):
«Ազգը» անդրադարձել է մայիսի 28-ին ՀՀ վարչապետի Գյումրի կատարած այցին («Նորոգումից հետո բացվեցին Գյումրու վագոնային-վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները»), «Գոլոս Արմենիին»՝ կարկուտից տուժած գյուղացիների հիմնախնդիրներին: «Հայոց աշխարհը» ներկայացրել է, թե ՀԾԿ հանձնաժողովը «ինչ սկզբունքով է հաշվարկել գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները», որոնք թերթի փոխանցմամբ «գործողության մեջ կմտնեն հուլիսի 5-ից կամ 7-ից»:
«Ժամանակի» հետ զրույցում ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը նշել է, որ «վիճակագրությունը չի բնութագրում», «չի զբաղվում քաղաքականությամբ», այլ «հրապարակում է տվյալներ, որոնք հասանելի են բոլոր սպառողներին»: Մի այլ հրապարակման մեջ թերթը արձագանքել է ՀՀ պետական պարտքի չափի վերաբերյալ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի երեկվա գնահատականներին: