չորեքշաբթի, 5 հունիսի 2013
«Թույլ եմ տալիս կապույտ ներկել…»
Դասական դարձած կինոնկարի իրավիճակն ասես կրկնվում է. մամուլը գլուխ է կոտրում, թե ո՞վ է կատարում Սյունիքի մարզպետի լիազորությունը, ո՞վ է նրան փոխարինում, ո՞վ է թույլատրել, որպեսզի մարզպետն ինքն իրեն ժամանակավորապես ազատի իր իսկ պարտականությունների կատարումից՝ «Ժամանակ», «Իրավունք-հետաքննություն», «Հրապարակ»…
Մինչ այդ Ազգային Ժողովը շարունակում է քննարկել 2012թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը: Մամուլն հատուկ ընդգծում է պատգամավորներ - բնապահպանության նախարար և պատգամավորներ - գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ «երկխոսությունը»՝ «ՀՀ», «ՌԱ», «Ժողովուրդ»: Շատերին է հիասթափեցրել սոցապ նախարարի այն պնդումը, թե կենսաթոշակի ավելացումը հնարավոր է 2014-ից, այլ ոչ թե հուլիսի 1-ից, ինչպես խոստացվել էր՝ «Ժողովուրդ», «Օրակարգ», «ՀԺ»:
«Իրավունք-հետաքննությունը» նկատել է, որ «Հայաստանի շուրջ կենացները քաղցրանում են»՝ «բուռն զարգացումներ» կանխատեսելով Սիրիա-Իրան հատվածում և Հարավային Կովկասում: Մաքսային միություն-Եվրաինտեգրում այլընտրանքի պարզ լուծում է առաջարկում ՀԴԿ նախագահը. «ով համաձայնի Հայաստանի հետ ԼՂՀ-ն էլ ընդգրկել իր միության կազմում, այդ կողմն էլ պետք է գնալ» («Առավոտ»):
«Հայոց աշխարհի» տեղեկությամբ «Հունիսի 7-ին կորոշվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները»: «Ժամանակը» հրապարակումներից մեկում «վախեցրել» է, թե «կարկուտն իր հետևանքներն է թողնում… արտագաղթի տեսքով» («Կարկուտից հետո Արմավիրում համատարած արտագաղթ է»), մյուսում՝ ներկայացրել նստացույցը շարունակող ազատամարտիկների սոցիալական պահանջները: «Օրակարգի» փոխանցմամբ «բանկային համակարգն ամփոփել է հունվար-ապրիլ ամիսները» և արձանագրել, որ «ավելի շատ ավանդ է ներգրավել, քան վարկ տրամադրել»: «Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է «կարգավորիչ գիլյոտինի» գործունեության արդյունքներին, հեռնանկարներին ու «դասերին», «Օրակարգը» և «Իրավունք-հետաքննությունը»՝ ՏՄՊՊ հանձնաժողովի և ՎՊ-ի՝ դեղերի շուկայում և «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ընթացքում արձանագրված բացահայտումներին: