հինգշաբթի, 6 հունիսի 2013
Տնտեսության արդիականացման պահանջարկը
«Ազգը», «Օրակարգը», «Հայկական ժամանակը» և «Հայոց աշխարհը» անդրադարձել են էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի քննարկման նպատակով երեկ հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի մանրամասներին, «Առավոտը»՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հիմնախնդիրներին («Եվրասիական «գամբիտը»՝ գործողության մեջ»):
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Արմավիրի մարզ կատարած այցը և նշել, որ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվելու առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներում տեղ գտած գյուղացիական տնտեսություններին կանխիկ դրամով օժանդակելու մասին: Նիստին անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Նվազագույն աշխատավարձի բարձրացումը միանշանակ չէ») և «Ժամանակը», որի փոխանցմամբ օրակարգում ներառված է նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի ռազմավարության քննարկման հարցը:
«Օրակարգը», վկայակոչելով 2013թ. առաջին եռամսյակի ընթացքում օտարերկրյա ներդրումների նվազման վերաբերյալ ԱՎԾ տեղեկատվությունը, հայտարարել է, թե «Կապիտալը շրջանցում է Հայաստանը», մի այլ հրապարակման մեջ էլ արձագանքել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հիմնախնդիրներին («Քարքարոտ Հյուսիս-Հարավը»):
«Ժողովուրդի» տեղեկություններով կառավարությունը մտադիր է վաճառել «Որոտան ՀԷԿ»-ը («ՀԷԿ-ը ծախել են ամերիկյան ընկերությա՞նը»), «Օրակարգը» «չի բացառել», որ «Որոտան ՀԷԿ-ը կարող է դառնալ գազի գնի սուբսիդավորման զոհը» («Վաճառել՝ ի՞նչ»):
«Ազգը» գրել է, թե «արևի և քամու էներգետիկան տեղապտույտի մեջ» է և հարցրել, թե «ինչի՞ համար է ընդունվել դրանց մասին ազգային ծրագիրը»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը ներկայացրել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մտահոգությունները քաղաքապետարանի հայտարարած մրցութային մի քանի առաջարկների կապակցությամբ («Եկեք չայլանդակենք նաև Հանրապետության հրապարակը»), որոնց միացել է նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Գոլոս Արմենիի»-ում: