երեքշաբթի, 11 հունիսի 2013
«Էսօր մեր տուն խարսնիս կա…»
Հայտնի մարդկանց ընտանիքներում շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցած հարսանիքները մի այնպիսի ոգևորություն են առաջացնում մամուլում, որ այն պահպանվում է գրեթե մինչև հաջորդ շաբաթ: «Հարսանեկան» լուրերը սովորաբար անպակաս են «Հրապարակի» և «Ժողովուրդի» էջերից: Հանուն արդարության պետք է ասել, որ այս անգամ չեն անտեսվել մյուս թեմաները ևս: «Օֆշորի» խնդիրը կրկին տպագիր լրատվամիջոցների՝ «Ժողովուրդի», «ՀԺ»-ի, «168 ժամի» ուշադրության կենտրոնում է: Ավելին, պատգամավոր Հր. Բագրատյանի օրինագծի մերժման առիթով «Առավոտի» հարցերին են պատասխանում նախագծի հեղինակը և Խ.Հարությունյանը, իսկ «Օրակարգի» հյուրն է Գ.Ջհանգիրյանը: Տարատեսակ դատողությունների հիմք է տվել կենտրոնական բանկի նախագահի երեկվա ելույթը ԱԺ-ում. «Գները կբարձրանան, աշխատավարձը՝ ոչ» («ՀԺ»), «Ով է պաշտպանելու քաղաքացիներին բանկերից» («Իրավունք»), «Մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի» («Առավոտ»):
«Գոլոս Արմենիին» լուսաբանել է «Դիլիջանի միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություն տալու օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում, անդրադարձել Գյումրու տեխնոպարկի խնդիրներին և հանգել այն եզրակացության, որ կառավարության գործելակերպին բնորոշ է «Անորոշության ռեժիմը», ինչպես նաև կանխատեսել՝ ընթացիկ տարվա տնտեսական արդյունքը դժվար թե ավելի լավ լինի, քան նախորդ տարվանը:
«Ժամանակի» և «168 ժամի» հրապարակումները փոխանցում են ազգային ավիափոխադրողի վերաբերյալ Շահեն Պետրոսյանի կարծիքը, «Առավոտը» քննարկում է փախստականներին վերաբերող օրենսդրությունը, «Իրավունքը» մանրամասնում է կառավարության շենքի առջև բողոքի ելած անձանց խնդիրները, «Նովոյե վրեմյան»՝ ավարտում ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովից առաջ Արտ. Գեղամյանի փորձագիտական հետևությունների հրապարակումը:
«Իրավունքը» հարցրել է՝ «Գազը միայն առի՞թ էր էլեկտրաէներգիան թանկացնելու համար», «Գոլոս Արմենիին»՝ անդրադարձել Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հիմնահարցին: «Հայոց աշխարհը» փորձել է պարզաբանել, թե ինչպես կարելի է «կանխել գների զանգվածային աճը» և նշել, որ «այդ առումով առաջիկայում լուրջ անելիքներ ունի ՏՄՊՊ հանձնաժողովը, որը պարտավոր է այժմվանից հսկողության տակ պահել հատկապես ռիսկային շուկաները»: «Ազգը» թեման արծարծել է «Խնդիրները մեզանում հիմնախնդիրներ են դառնում» հրապարակման մեջ, «168 ժամը»՝ զրուցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի հետ («Գանձարանի դատարկության մասին խոսելը հիմա տեղին չէ»):