երեքշաբթի, 18 հունիսի 2013
Գնացող են…
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հրապարակած տվյալներով Երևանում անցկացված հետազոտության «հարցվածների 46 տոկոսը պատրաստ է հնարավորության դեպքում լքել Հայաստանը» («168 ժամ»), ըստ «ՀԺ»-ի՝ վիճակն ավելի վատ է. «երիտասարդների 52 տոկոսը պոտենցիալ արտագաղթող է»: Այս իրողությունը, սակայն, չի խանգարել, որ «168 ժամը» լրջորեն քննարկի ԲՀԿ առաջնորդի «Հայաստանի հաջորդ վարչապետ» դառնալու հնարավորությունը:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի և իր գործընկերների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է երկրապահ կամավորականի կարգավիճակը սահմանելուն, ԱԺ դահլիճի «խայտառակ» շոգի համապատկերում քննարկել են «Հրապարակը» և «ՀԺ»-ն:
Լրատվամիջոցների տարածքի առյուծի բաժինը զբաղեցրել է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումը՝ «ՀՀ», «168 ժամ», «Ժողովուրդ», «Գոլոս Արմենիի», «Ժամանակ», «Հրապարակ», «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Իրավունք», «Օրակարգ», «Ազգ», «ՀԱ»: Տեսչական բարեփոխման խնդիրն է արծարծում «Գոլոս Արմենիին»՝ «Ճիշտ թիրախ»:
«Ժամանակը» փոխանցել է «Գազպրոմի» երեկվա տարածած տեղեկությունը, ըստ որի ՀՀ կառավարությունը բանակցում է իրեն պատկանող «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» հանձնելու վերաբերյալ» («Ինչպես են ռուսները Հայաստանի հաշվին մխիթարում Բաքվին»): Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» և «Ժողովուրդը», որը մի այլ հրապարակման մեջ էլ փորձել է ապացուցել, որ «առ այսօր Հայաստանը չի հասել իր նախաճգնաժամային վիճակին»:
«Հայոց աշխարհը» ահազանգել է, որ գյուղատնտեսությունը խթանելու նպատակով պետական բյուջեից տրամադրվող պատկառելի գումարները «ոչ միշտ են հասնում գյուղացուն կամ ծառայում իրենց բուն նպատակին» («Ուր են գնում մատչելի վառելանյութն ու պարարտանյութը»): «Օրակարգը» հավելել է, որ «ընթացիկ տարում ապահովագրական ընկերությունները դիմել են հատուցումների խստացման»՝ վնասաբերության մակարդակը նվազեցնելու նպատակով («ԱՊՊԱ-ն ելքեր է փնտրում»):
Օրվա կառուցողական նյութերից է Ռուսաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի խորհրդական Արբակ Խաչատրյանի հարցազրույցը «Ժամանակին»՝ «Ինպե՞ս երկիրը դուրս բերել այս վիճակից. Արբակ Խաչատրյանի դեղատոմսը»: