չորեքշաբթի, 19 հունիսի 2013
Հարցեր և պատասխաններ
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է խորհրդարանի արտահերթ նստաշրջանի աշխատանքին, ի մասնավորի՝ Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ պատգամավորների տեսակետներին՝ «Մեղավորները չպետք է խուսափեն պատասխանատվությունից»: Թեման արծարծել են նաև «Հայոց աշխարհը» իր զրուցակցի՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ («Թացը չորին չխառնենք. քննարկումները թափանցիկ էին»), «Առավոտը» («Մաղձին պատասխանելն անիմաստ է. Նիկոլ Փաշինյան-Հովիկ Աբրահամյան հեռակա վեճը»), «Օրակարգը» («Կոմպրոմատների պատերազմ»), «Ժամանակը» («Անտաղանդ դերասաններ ու տաղանդավոր գողեր»), «Ազգը» («Մկանների ցուցադրում տարբեր ուղղություններով»), «Ռեսպուբլիկա Արմենիան» («Կառավարությունը համաձայն չէ ՎՊ-ի գնահատականների հետ»):
«Առավոտը» գրել է, որ երեկ ընդունվել է «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Օրենքի խորհրդարանական քննարկմանն արձագանքել են «Հրապարակը» («Մտածողության հեղափոխությունն սկսվեց գեներալ Մանվելից»), «Հայկական ժամանակը» («Գեներալը գրավել էր ԱԺ ամբիոնը») և «Ժամանակը» («Քյասիբ ու բարոյական ազատամարտիկներն» ու հարուստ գեներալ Սեյրանը»):
«Ստուգումները շրջանցել են Մխչյանը» հրապարակման մեջ «Օրակարգը» ներկայացրել է ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի մամուլի ասուլիսից մանրամասներ և նշել, որ հայտնաբերվել են «համատարած չարաշահումներ պետական ֆինանսավորմամբ ծրագրերում», նաև «սուբսիդավորմամբ էժան վառելիքի բաշխման ծրագրում»: Ասուլիսին արձագանքել են նաև «Իրավունքը» («Դիզվառելիքն ու պարարտանյութը ճանապարհին «կերե՞լ» են») և «Հայկական ժամանակը» («Փող տալ հարուստներին»):
«Հայոց աշխարհը» վկայակոչել է ռուսական աղբյուրները և հայտարարել, որ «Գազպրոմի» նախագահի և ՀՀ էներգետիկայի նախարարի հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայռուսգազարդում» «Գազպրոմի մասնաբաժինը 100 տոկոս դարձնելու հնարավորությունը»: «Օրակարգը» փորձել է պարզաբանել, թե «ինչու է Հայաստանը հրաժարվում «Հայռուսգազարդի» իր բաժնեմասից», «Ժողովուրդը» հավելել, թե իբր «Գազամատակարարման ոլորտի հերթական սկանդալն է բացահայտվել»:
Մամուլից «չի իջնում» նաև «օֆշորի» թեման՝ «Առավոտ» («Ովքե՞ր են օգտվել օֆշորային գոտու հնարավորությունից»), «Հայոց աշխարհ» («Երբ մենք կկարողանանք պետություն կոչվել»), «Ժամանակ» («Հետախուզվում է «օֆշորային եռյակի» անդամ Աշոտ Սուքիասյանը»), «Հայկական ժամանակը», որը հրապարակել է վերջինիս՝ «Հետք» պարբերականին հասցեագրված նամակ-մեղանչումը, թե օֆշորում ձևակերպված կազմակերպության հիմնադիրը ինքն է, և ինքն է «բաժնեմասեր գրել» ՀՀ վարչապետի ու հոգևորական Ն. Կճոյանի անվամբ՝ «առանց նրանց համաձայնության» և այլն: