ուրբաթ, 21 հունիսի 2013
Ո՞վ է երբևիցե պաշտոնական անձ եղել
Վարչապետի երեկվա հայտարարությունը մեծ չափով սթափեցրեց «քաղաքական երկրաշարժի» («Դե ֆակտո իրատես») ենթարկված հայտնի գործիչներին: Բնական է, որ մամուլի նույնաբովանդակ հրապարակումների թիվը դրանից չնվազեց, ընդհակառակը… Թեմային են անդրադարձել «Ազգը», «Իրավունքը», «Առավոտը», «Ժամանակը», «ՀԺ»-ն, «Ժողովուրդը», «ՌԱ»-ն, «Օրակարգը», «Հրապարակը»…
Նույնիսկ տնտեսական ակտիվության մայիսյան նվազումը արժանացել է սոսկ «Օրակարգի» («Սեզոնը բաց է թողնվել»), «ՀԺ»-ի («Գաղջ ցուցանիշներ»), «ՀԱ»-ի («Տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղում է») և «Ազգի» («Տնտեսական ակտիվության անկում մայիսին») ուշադրությանը:
Անդրադառնալով կառավարության երեկվա նիստի մանրամասներին, «Հայաստանի Հանրապետությունը» կարևորել է, որ որոշ ռեժիմների պարագայում պարզեցվել է ավտոմեքենաների մաքսային ձևակերպման կարգը, և որ շարունակվելու է Երևանի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքը: «Հայացքը» կառավարության շենքի առջև «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի երեկվա բողոքի ակցիային անդրադարձում նշել է գլխավոր պահանջը՝ ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Թեման «ինքնօրինակ հուզականությամբ» գրված խորագրով արծարծել է նաև «Ժողովուրդը» («Կառավարությունը չի գիտակցում խնդրի լրջությունը»), որը մի այլ հոդվածում էլ կարծիք է հայտնել, թե նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացումը «բնակչության շատ չնչին մասի վրա է կոնկրետ ազդեցություն ունենալու»:
«Առավոտին», «Ժամանակին» և «Հայոց աշխարհին» մտահոգել է «Հայռուսգազարդում» Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» հանձնելու պարագայում ակնկալվող «վտանգները»: «Օրակարգը» փոխանցել է Սիվիլնեթի հետ զրույցում ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիի տեսակետը, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը «կազդի աղքատության ցուցանիշների վրա»: