շաբաթ, 22 հունիսի 2013
Հընթացս քննադատության - 2
«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է ՏՏ ոլորտի զարգացումներին և խնդիրներին նվիրված «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի աշխատանքին, որը մեկնարկել է Երևանում և որին մասնակցում են տարբեր երկրների 60-ից ավելի կազմակերպություններ («Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար»): «Ազգը» և «168 ժամը» ներկայացրել ու կարևորել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթներում արտահայտված տեսակետները:
«Հայոց աշխարհը» մանրամասներ է ներկայացրել լրագրողների հետ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի երեկվա հանդիպումից՝ «Գնում ենք լուրջ փոփոխությունների, իսկ դրանք շոուներով չեն արվում»: Հանդիպումը լուսաբանել է նաև «Հայաստանի Հանրապետությունը» «Նոր գործընթաց է սկսվել. տնտեսական «ճեղքում» կատարելու ժամանակն է» հրապարակման մեջ:
Ըստ «Ժամանակի» ՎՊ տարեկան հաշվետվության «աղմկոտ ներկայացումը» դարձել է «ներիշխանական խմորումների…պատրվակ»՝ «Թե ինչու Իշխան Զաքարյանի հայտնաբերած խախտումները չեն ուղարկում գլխավոր դատախազություն»: «Առավոտը» գրել է, որ «օֆշորային սկանդալի մասով ԲՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ»: Մի այլ հրապարակման մեջ թերթն արձագանքել է նվազագույն աշխատավարձի բարձրացման իրողությանը և նշել, թե «45 հազար դրամով Հայաստանում չի կարող ապրել նույնիսկ… ամենաժուժկալ մարդը» («Խնդիրը վստահությունն է»): Անդրադառնալով «օֆշորային գործի» շուրջ շրջանառվող մեկնաբանություններին, «Գոլոս Արմենիին» մտահոգություն է հայտնել, որ ոմանք, այդ թվում քաղաքական գործիչներ և նույնիսկ տնտեսագետ «փորձագետներ», վարկաբեկումների գաղափարով ոգեշնչված, շտապում են «հրապարակային և անառարկելի» մտահանգումներ արտահայտել, չսպասելով իրավասու մարմինների եզրակացությանը («Չարաշահումներից զերծ մնալու համար»):
Մեկ այլ հրապարակմամբ «Գոլոս Արմենիին» ներկայացնում է ակադեմիկոս Անրի Ներսիսյանի մտահոգությունը հանրապետության բնակավայրերում կենցաղային թափոններով բնական միջավայրը աղտոտելու երևույթի կապակցությամբ («Բաց նամակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին»): «Օֆշորի» թեման արծարծել է նաև «168 ժամը» («Հող է նախապատրաստվում կառավարությունը փոխելու համար»), որը մի այլ հոդվածում էլ «կանխատեսել է», թե իբր «Հասունանում է հերթական սկանդալը»՝ նկատի ունենալով «Նաիրիտ» գործարանի «վարկային խնդիրների» հետ կապված՝ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում ընթացող դատական հերթական նիստը:
«Հրապարակը» արձագանքել է գյուղվարկերի սառեցման մասին ԿԲ նախագահի անցած շաբաթվա հայտարարությունից հետո ստեղծված «թյուրըմբռնմանը» և որոշ վարկային կազմակերպությունների «ակտիվությանը»՝ «Կարկուտից տուժածները գործ կունենան դատարաններում»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է նոր ձևավորվող ավիաուղիների նախատեսվող մրցույթին և վաղօրոք կանխատեսել, թե իբր «Ավիաշուկայում ձևական մրցակցություն է լինելու»: