ուրբաթ, 28 հունիսի 2013
Թերթն անհանգիստ է…
Կառավարության երեկվա նիստից անհանգստացողը «Հրապարակն» է: «Գործադիրում իրավիճակն անկառավարելի է դառնում», - «գուժում» է թերթը՝ մեջբերումներ անելով վարչապետի ներածական խոսքից, որի էությունն այն է, որ հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ պատկան մարմինները սպառիչ տեղեկություն պետք է տան: Սա ևս մեկ առիթ է, որպեսզի լրատվամիջոցները «քրքրեն» վերջին օրերի թեմաները՝ «Ազգ», «Ժողովուրդ», «Հայացք», «ՀԺ», «Իրատես դե ֆակտո»…
Սակայն «Հրապարակի» անհանգստությունը պահպանվում է. թերթին մտատանջում են մարզական խնդիրները և այն, թե «ուր է տանում Վարդանյան-Ծառուկյան հակամարտությունը»: Ուշագրավ է վերջին էջի նյութերից մեկը. պարզվում է՝ մշակույթի նախարարության կողմից գրեթե Գյումրու բրենդ հռչակված «կլկլան բաժակը»՝ մուշուրբան, մահմեդական երկրներում օգտագործում են… պետքարաններում:
«Օրակարգը» կառավարության երեկվա նիստի մանրամասներին անդրադարձել է «Գործադիրը մոռացել է թանկացումների մասին» հոդվածում, «Ժամանակին» առավելապես «հուզել» է «Նաիրիտ» ձեռնարկության պատմությունը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը՝ «Որ հետո չգա «Հայռուսգազարդի» հերթը»: Կառավարության որոշումներին արձագանքել է նաև «Հայկական ժամանակը»:
«Ժողովուրդը» ներկայացրել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու առաջարկները («Սուբսիդավորումը պետք է լինի հասցեական», «կարելի է գյուղատնտեսական վարկ տրամադրել…ցածր տոկոսադրույքներով» և այլն), «Օրակարգը»՝ համադրել «Հայռուսգազարդում» Հայաստանի 20% բաժնեմասի հնարավոր վաճառքի առումով «Գազպրոմի» և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները («Գազպրոմն այլ բան է ասում»):