երեքշաբթի, 2 հուլիսի 2013
Առնվազն երկու աղբյուր
«Առավոտն» իր առաջին իսկ էջում հերքում է հունիսի 26-ի (սխալմամբ նշված է 29-ը) համարում տպագրած «100 հազար դոլար՝ Տիգրան Սարգսյանի դե՞մ» լուրը. անցած օրերի ընթացքում թերթը պարզել է, որ սույն տեղեկությունը «առնվազն երկու աղբյուրից չի ճշտվել», ինչը հարիր չէ «մասնագիտական և էթիկական վարքականոնին» և կարող է թյուրիմացություն առաջացնել… Եվ այնուամենայնիվ տպագիր մամուլում «տաք» է մնում օֆշորի թեման, որին անդրադարձել են «Հրապարակը», «168 ժամը», «Իրավունքը», «Օրակարգը», «Ժողովուրդը», «Առավոտը» և «Դե ֆակտո իրատեսը»:
Քանի որ հայրենի տպագիր մամուլը կիրակի և երկուշաբթի օրերին վաստակած հանգստի կարիք ունի և չի աշխատում, ՀՀ նախագահի նստավայրում անցկացված քննարկումը լուսաբանել և դրա վերաբերյալ կարծիքներ է տպագրել այսօր՝ «ՀՀ», «Գոլոս Արմենիի», «Առավոտ», «168 ժամ», «Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Ազգ», «ՀԺ», «Օրակարգ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «Դե ֆակտո իրատես»:
«Նաիրիտի» փոխտնօրենի պաշտոնաթողության մասին են տեղեկացնում «168 ժամը», «Ժողովուրդը» և «Հրապարակը»:
«168 ժամը» արձագանքել է «Հայռուսգազարդի» հունիսի 30-ին հրապարակած 2012թ. գործունեության հաշվետվությանը՝ «Գազային խաղեր. քարտերը բացելու ժամանակը»: Թեման արծարծել են նաև «Հայկական ժամանակը» («Ասում էիք չի թանկացե՞լ») և «Օրակարգը» («Ընտրությունների գազային բաղադրիչը. անփոփոխ սակագինը «Հայռուսգազարդին» 66,2 մլրդ դրամ է արժեցել»)՝ հընթացս ԱՎԾ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2013թ հունվար-հունիսին» հրապարակմանն անդադարձի («Հանքերն էլ չեն օգնում», «Հուլիսն ավելի թեժ է լինելու. 12 ամսյա գնաճը հունիսին դուրս է եկել թույլատրելի շրջանակից»):
«Հայոց աշխարհը» ներկայացրել է Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի պաշտոնական նկատառումները տեսչական բարեփոխման գործընթացի արդյունավետության վերաբերյալ և առաջարկը՝ «հնարավորինս շուտ ընդունել ոլորտը կարգավորող միջազգային նորմերին համապատասխան օրենսդրություն» («Ինչ է ակնկալում փոքր և միջին բիզնեսը»):