հինգշաբթի, 4 հուլիսի 2013
Նախարարների բենեֆիսը
Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության արձագանքները շարունակում Է մնալ մամուլի առաջատար թեման: «Հայաստանի Հանրապետությունը» ընդարձակ հրապարակումներով ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների պարզաբանումները: «Նախարարների բենեֆիսը. թալանված բյուջեի մասին լուրերը խիստ չափազանցված են», այսպես է վերնագրել իր անդրադարձը նախարարների ասուլիսներին «Նովոյե վրեմյան»: Թեման արծարծել են նաև «Գոլոս Արմենիին» («Չափազանց մեծ հավակնություն»), «Օրակարգը» («Գլուխկոտրուկ»), «168 ժամը» («Ինչպես է շնորհակալությունը դառնում «մուննաթ» և «Բյուջետային եռանկյունի»), «Ազգը» («Դավիթ Սարգսյան. «700 մլրդ դրամի պետական գնումներ ուղղակի չկան», «Արմեն Աշոտյան. «Թալան, կողոպուտ, լափել բառերը չկան ՎՊ հաշվետվության մեջ»), «Ժողովուրդը» («Համաձայն չեն ՎՊ-ի բառապաշարի հետ» և «Նախարարներն ու Սերժ Սարգսյանը վիրավորում են հասարակությանը»), «Հայկական ժամանակը» («Հրահանգված է եղել») և այլն: «Առավոտը» ներկայացրել է «ՎՊ-ի աղմուկ հանած հաշվետվության» մասին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետները («Մենք բոլորս հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի թևից ենք»), «Հայոց աշխարհը»՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկումները, թե «Որ ոլորտում են հանրային սպասումները»:
«Հայկական ժամանակը» գրել է, որ այսօրվա նիստում «կառավարությունը կքննարկի ու կհաստատի 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը»: Թեման արծարծել է նաև «Օրակարգը» («Հաշվել երեք տարվա համար»): «Առավոտը» փոխանցել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումները տնտեսության ոլորտում առավել ակտիվ քաղաքականության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ («Արտագաղթի պատճառով ներմուծումը նվազել է»), «Հայկական ժամանակը»՝ անդրադարձել «Հայփոստի» տարբեր մասնաճյուղերում թոշակների վճարման խնդիրներին: