ուրբաթ, 5 հուլիսի 2013
Հույսերը չարդարացան
Մամուլը տրտնջում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստը չարդարացրեց իր հույսերը. «ՀՀԿ-ի սպասված նիստը՝ առանց «զոհերի» («Առավոտ»), «Որոշ մարդկանց ցանկությունը չիրականացավ» («Ժամանակ»), «Նիստ ամեն ինչի և ոչնչի մասին» («Ժողովուրդ»), «Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ կդառնա» («Ազգ»):
Մնացած թեմաները պահպանվում են՝ կառավարության երեկվա նիստի արձագանքներ («ՌԱ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «ՀԱ»), ՀՀ պետբյուջեի կատարողական («ՀՀ»), ՎՊ հաշվետվություն («ՌԱ», «Իրավունք»): ՎՊ բացահայտումները և օֆշորային սկանդալը «Ազգը» դիտարկում է ՀՀ նախագահի հաջորդ թեկնածուի համար սկիզբ առած պայքարի համատեքստում և անում ուշագրավ եզրակացություններ. «Ձևավորվում է քաղաքական նոր իրավիճակ, երբ հայրենի օլիգարխիան, սերտաճած իշխանական որոշ խմբերի հետ, ինքնուրույն քաղաքական գործոնի է վերածվում և իր ատամներն է փորձում ցույց տալ, շատ լավ հասկանալով, որ գործող վարչապետի դիրքերի ուժեղացումը միայն վտանգում է իր մենաշնորհային դրությունը տնտեսության մի շարք ճյուղերում» և հետո. «այդ ուժին կանգնեցնել կարող է միայն գործող կառավարությունը նախագահի և վարչապետի գլխավորությամբ»: