ուրբաթ, 12 հուլիսի 2013
100-օրյա գնահատականների շրջանակ
«Հայաստանի զրուցակիցը» ներկայացրել է քաղաքական ու հասարակական մի քանի գործիչների գնահատականները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետի առաջին 100 օրերի վերաբերյալ, շեշտադրելով գազի թանկացման, ՎՊ-ի «բացահայտումների» և կառավարության գործունեության վերաբերյալ նկատառումները: «Հայկական ժամանակը» վերստին քննության է առել ՀՀ վարչապետի կողմից ՀՅԴ-ին պատերազմ հայտարարելու մասին Հրանտ Մարգարյանի հայտարարությունը, «Ժամանակը» փորձել է պարզաբանել, թե «Ի վերջո ի՞նչ է կատարվում Դաշնակցությունում», «Առավոտում» քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը տեսակետ է հայտնել, ըստ որի «Չի բացառվում, որ ՀՅԴ-ի փակ խոհանոցից ինֆորմացիա է դուրս եկել»՝ որպես արդյունք «իսկապես ներքին խմորումների» և «տարբեր մոտեցումների»:
«Հայաստանի զրուցակիցը» արձագանքել է ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հարցադրումներին, ըստ որոնց «Գազի սուբսիդավորման աղբյուրների մասին կառավարությունը լռում է»: Գազի թեման արծարծել է նաև «Հայացքը», որի մեկնաբանությամբ իբր՝ «Հայռուսգազարդ»-ը և ՀԷՑ-ը միլիոններ գրպանելու հնարավորություն են ստացել»:
«Հայոց աշխարհը» գրել է, թե «Հայաստանում սոցիալական լարվածությունը խորանում է», իր հերթին «թանկացումների հետևանքով կխորանա աղքատության մակարդակը», նաև նշել, որ «եկամուտները ավելացնելու խնդրին «կառավարությունը մտադիր է անդրադառնալ միայն հաջորդ տարի»: «Հայկական ժամանակը» մի շարք գազալցակայաններում «գնային դիտանցում» անցկացնելու ՏՄՊՊ հանձնաժողովի որոշումը իր հանգույն որակել «թիթիզություն»: «Իրավունքը» հանձնաժողովի փոխնախագահի հետ զրույցում պարզաբանել է, թե «Ի՞նչ կտա գազալցակայանների գների ուսումնասիրությունները»:
«Օրակարգը» գրել է, որ «Կառավարությունը ծրագրում է 2014թ. աշխատանքային միջին կենսաթոշակի չափն ավելացնել 20%-ով», նաև հավելել, թե «Միջնաժամկետ հեռանկարում աղքատության գիծն այդուհանդերձ չի հաղթահարվի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է, իր ձևակերպմամբ, «Մեծամորի անորոշ հեռանկարին»՝ նշելով, թե «ՀՀ 2014-16թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» «չի հիշատակված «միջուկային նոր էներգաբլոկի նախագիծը»:
«Իրավունքում» հրապարակված «Հայաստանը տուրիզմի համար հետաքրքիր երկիր է» հոդվածում ներկայացված է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող գործընթացները, մասնավորապես նշվել, որ «սոցիալական փաթեթը ոտքի է հանել ներքին տուրիզմը»: