երեքշաբթի, 16 հուլիսի 2013
Հին ու նոր հարցերի հերթականություն
«Օրակարգը» ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ու տնտեսական աճի մասին ԿԲ-ի և միջազգային կառույցների գնահատականների, նաև ընթացիկ տարվա բյուջեի եկամտային մասին կատարման ռիսկերի վերաբերյալ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ զրույցը խորագրել է «Ամենամեծ ռիսկը էներգակիրների թանկացումն է»:
«168 ժամը» ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ զրույցում, «Իրավունքը»՝ «Հայաստանի Եվրոպա տանող ճանապարհն անցնում է Թուրքիայի փակ սահմանով» հոդվածում անդրադարձել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հետ կապված մի շարք հիմնահարցերի: «Հայկական ժամանակը» վերստին «թեժացրել» է «գազի թեման», «Ժամանակը»՝ գրել, թե պետական աջակցության ծրագրի շրջանակում մարզերին դիզվառելիքի հատկացման տեղեկատվությունը «ֆինանսների նախարարությունը խուսափում է տրամադրել»: Թերթի մի այլ հրապարակման մեջ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը կարևորել է աշխատանքի շուկայում «արդյունավետ հավասարակշռության» պահպանումը:
Ըստ «Օրակարգի» ԱՊՊԱ ոլորտում ներդրված Բոնուսի համակարգին 2014-ին կավելանա նաև «մալուսը», որից հետո «բարեխիղճ վարորդների ապահովագրավճարները կլինեն փոքր», «ռիսկային վարորդներն» էլ «ավելի թանկ կվճարեն»: Պարտադիր ապահովագրության թեման արծարծել է նաև «168 ժամը», ներկայացնելով տնտեսագետ Էդվարդ Սանդոյանի տեսակետները:
«Առավոտը» ներկայացրել է մանրամասներ «Էլայ լիլլի» կազմակերպության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանի երեկվա ասուլիսից՝ «Կառավարությունը նախընտրում է կիսասինթետիկ ու թանկ ինսուլինը»: «Օրակարգը» գրել է, թե բանկային համակարգում իրականացված աուդիտը որոշ բանկերում «խնդիրներ է հայտնաբերել» («Փողերն անորոշ են կամ կենտրոնացած»): Բանկային խնդիրների թեման, մասնավորապես, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղում ստեղծված «իրավիճակի ներկայացման մասով», արծարծել է նաև «Ժողովուրդը»: