չորեքշաբթի, 31 հուլիսի 2013
Եվրաինտեգրման «դրամատիզացիան»
«Իրավունքը» «միանշանակ» է համարել, որ «սրվելու է մեր երկրի Եվրոպական կամ Եվրասիական միություն գնալու շուրջ դիրքորոշումների միջև պայքարը», քանի որ «գնալով թեժանում է նաև ներկայում ընթացող նախապատրաստական փուլը» («Եվրաինտեգրման քարոզիչներն անցել են բացահայտ ստի՞»): «Ժամանակը» փոխանցել է «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի («Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության համակարգը») և տնտեսագետ Վարդան Բոստանջյանի («Հայաստանին ուղղված Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցները կանդրադառնան մեր տնտեսության մեծ հատվածի վրա») դիրքորոշումները, «Առավոտը»՝ ներկայացրել վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի տեսակետը, որ «իրավիճակը… դրամատիզացնում են թե´ Մոսկվայում, թե´ Երևանում» («Հայ ռուսական հարաբերություններում «իրավիճակը դրամատիզացնել չարժե»):
Ըստ «Հայկական ժամանակի» «առաջին հազար հարկատուների կողմից վճարած հարկերի մասին ՊԵԿ-ի հրապարակած տեղեկանքը «հաստատում» է, թե «պետբյուջեի լրացուցիչ եկամուտները ստացվում են հիմնականում փոքր ու միջին բիզնեսի հաշվին»: «Առավոտը» «տրանսպորտային շարժման» վերաբերյալ զրուցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ՝ «Ո՞վքեր են Տարոն Մարգարյանից «դժգոհ տարրերը»: «Թեման արծարծել է նաև «Հայոց աշխարհը» («Ինձնից բան դուրս չեկավ, բայց ձեր միջոցով էլ փորձեմ»):
Ըստ «Ժողովուրդի» Դատախազության կազմակերպման 95 ամյակի առթիվ «օրերս անցկացված միջոցառումները… ծանր են նստել ՀՀ պետական բյուջեի վրա»: «Հրապարակը» վերստին քննության է առել Հանրապետության հրապարակի վերակառուցման նպատակով հայտարարված մրցույթի մանրամասները («Քաղաքացիական շարժումը կընդվզի նաև հրապարակի կառուցման դեմ»), «Հայկական ժամանակը»՝ փոխանցել «սեփական տեղեկությունները», ըստ որոնց առաջիկայում ստեղծվելու է «Քաղաքաշինության պետական կոմիտե», որը ղեկավարելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով նաև «կոմիտեի ստեղծման գաղափարի հեղինակն» է: