երեքշաբթի, 6 օգոստոսի 2013
«Եթե հավատանք…»
Օգտագործելով ՀՀ փոխվարչապետի՝ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի առիթը, «Ժողովուրդը» թվարկում է համայնքների հրատապ խնդիրների կատարմանն ուղղված կառավարության քայլերը. լուծվել է Մեղվահովիտ գյուղի խմելու ջրի հարցը, հիմնանորոգվել է Նորաշեն-Սարչապետ ճանապարհը, նորոգվել Սարչապետի մշակույթի տան տանիքը: Լեռնահովիտում էլ են հրատապ ծրագրեր իրականացվել. մշակույթի տան նորոգման համար 143 մլն դրամ է ծախսվել, հիմնանորոգվում է ջրագիծը: Այստեղ թերթը սթափվում է և նկատելով, որ տեքստում որևէ քննադատական տող չկա, եզրափակիչ պարբերության մեջ կառավարության արած «որոշ» քայլերն անվանում է, «ոչ բավարար»՝ այս անգամ էլ հուզմունքից շփոթելով մարզը և նշված աշխատանքը վերագրելով Տավուշին…
Իշխանության հանդեպ «բարեհաճ» է նաև «Ժամանակը»՝ ընդունելով, որ «Հայաստանի խոշոր կապիտալիստների շարքերում կան անհատներ, որոնք… կարողացել են գիտակցական զգալի աճ ունենալ», և եթե իշխանությունն ուզենա համակարգային փոփոխություններ իրականացնել, ապա «գործարարների հետ թիմ կազմելն ու լուրջ գործընթաց սկսելը կդառնա միանգամայն իրատեսական»: «Գործին միջամտում է» «Ժողովուրդը»՝ պատմելով, որ «ՊԵԿ-ի դեմ ուղղված դատական հայցը շահել է սփյուռքահայ գործարարը» և վարչապետի օգնությամբ հասել արդարության:
Աուդիտի բացասական գնահատականի պատճառով պետգնումներին մասնակցելու հնարավորությունից զրկվածների ցուցակը զանազան դատողությունների տեղիք է տվել. մասնավորապես, «Ժողովուրդը» մտավախություն ունի, որ «մեկից ավելի ընկերություններ ունեցող գործարարները մրցույթներին կարող են մասնակցել այլ անուններով»:
«Ժողովուրդը» զրուցել է հայտնի երաժիշտ Վազգեն Ասատրյանի հետ և պարզել, որ վերջին ժամանակներս չաշխատող արվեստագետի մտքով անցնում է լքել Հայաստանը: Թերթն անդրադարձել է նաև կենսաթոշակի վճարման ժամանակ առաջացած խնդիրներին, Ռուսաստանում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի թիրախում հայտնված հայաստանցիների հոգսերին: