չորեքշաբթի, 7 օգոստոսի 2013
Բիզնեսը և ձայնի գործոնը
Արձանագրելով, որ վերջերս խանութներից և սննդի օբյեկտներից «անհետացել» է «Կիլիկիա» գարեջուրը, «Հրապարակը» դա համարում է «հարկային կամ մրցակցային ճնշման» հետևանք, ինչը ժխտում է սեփականատերը: Սակայն թերթին չես խաբի. արտադրանքի դեֆիցիտն ու ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի «ձայնի ելևէջը» մատնում են ստեղծված ծանր վիճակը: Զարմանալի զուգադիպությամբ գրեթե նույն եզրակացությանն է հանգել «Ժողովուրդը». մասնավոր դեպքի հիման վրա ընդհանրացնում կատարելու անուրանալի հմտություն դրսևորելով, այս թերթը «Կիլիկիա» գարեջրի արտադրության անկումը, «այն էլ ամռան այս տապին», երկրի տնտեսության «ողբալի վիճակի» վկայություն է համարում, վիճակ, որի առաջին մեղավորն, իհարկե, ՀՀ վարչապետն է:
«Հրապարակը» նաև վրդովված է՝ «Ի՞նչ է անելու ճարտարապետության նորաստեղծ կոմիտեն, ինչո՞ւ էր անհրաժեշտ վերջինիս ստեղծումը, ի՞նչ խնդիրներ է լուծելու», - գրեթե հռետորական հարցեր է տալիս թերթը և հանգում այն եզրակացության, որ «… նոր պետկոմն ստեղծվել է հատուկ Նարեկ Սարգսյանի համար»: Դրական է «Ժամանակի» վերաբերմունքը. «… Նարեկ Սարգսյանին կրկին հեռացնում են քաղաքից, արդեն երկրորդ անգամ, և պետք է հուսալ, որ անվերադարձ»:
«Ժողովուրդն» անդրադառնում է կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկին՝ տարածքային համաչափ զարգացմանը և կառավարությանը մեղադրում, որ չեն կատարվել… 2012-2017թթ. համար նախատեսված ծրագրերը: Թերթը նաև նախաձեռնել է Լինսի հիմնադրամի մշակութային ծրագրով իրականացված աշխատանքի և հիմնանորոգված օբյեկտների ներկա վիճակի քննությունը:
«Հրապարակը» գրում է, որ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Բոստոն քաղաքում գտնվող Բրանդիսի համալսարանի ընդունելության քննություններն օնլայն եղանակով հանձնած և ընդունված 17-ամյա Վարդգես Ծերունյանին թույլ չեն տալիս մեկնել երկրից, քանի որ տարկետման հարցը կարող է քննարկվել միայն աշնանը՝ զորակոչի ժամանակ: ՀՀ նախագահի «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակին արժանացած պատանին եթե ժամանակին չմեկնի ԱՄՆ, ապա կարող է զրկվել այնտեղ սովորելու հնարավորությունից:
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած «աղմուկի» մասին «Առավոտում» իր կարծիքն է հայտնում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս թերթը նաև փոխանցում է, որ Վարդենիսում նստացույց անող ազատամարտիկների պահանջները համահունչ են երևանցի ազատամարտիկների արծարծած խնդիրներին: