երկուշաբթի, 12 օգոստոսի 2013
Հասարակության կարոտը
«Բարով եկար, սիրուն կռունկի» վարչապետական կատարման առթիվ «Հրապարակը» գրել է. «… երեկվա (9-ի) զվարթ քննարկումը նաև այլ խորհուրդ ունի. մեր հասարակությունը կարոտ է անմիջական շփման, պաշտոնյաների մարդկային, շարքային դրսևորումների: Մենք այնքան հաճախ ենք տեսնում կաղապարված, աթոռի հետ նույնացած, մարդկային կերպարը կորցրած չինովնիկների, որ երգող ու նվագող պաշտոնյան անսովոր է մեզ»: Վարչապետի երգի բուռն քննարկումը սոցցանցերում «Առավոտին» դրդել է ճշտել, թե ինչպես է երգում վարչապետը: Իբրև փորձագետ հանդես է եկել երգահան Եղիշե Պետրոսյանը. նա դրական է գնահատել կատարումը՝ կատակով հավելելով. «Որ վարչապետը մի քիչ փող տա՝ իրեն աստղ կդարձնեմ»:
Երիտասարդությանը համակած բողոքի ակցիաները նույնպես հրճվանքով են ընդունվում մամուլում: Իսկ թե ինչ պահանջ ու նպատակ էր հետապնդում, օրինակ, նրանց երթը Ազատության հրապարակից դեպի Երևանի քաղաքապետարան, «Հրապարակի» համար բնավ կարևոր էլ չէ. «Կարևորը համախմբման, ինչ-որ բան անելու, ինչ-որ մարդկանց անհանգստություն պատճառելու երիտասարդության ոգևորությունն է»: Հիշեցի՞ք մարքսիզմի «դասականին»՝ «Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»: