հինգշաբթի, 15 օգոստոսի 2013
«Իբրև թե չարչի մի թափառական…»
Նորվեգիայի վարչապետի՝ մեկ օր տաքսի վարելու միջոցով բնակչության հետ անմիջականորեն շփվելու քայլը ուժեղ տպավորություն է գործել հատկապես «Հրապարակի» վրա: Երևույթն ինքնին «արևելյան» է և դարեր առաջ է կիրառվել մեր հարևան երկրներում, գուցեև մեզանում… Միջնադարի քաղաքների փողոցներով ծպտված թափառելու սովորություն է ունեցել նաև «… ինքը՝ Շահ Աբաս արքան»: Հայ գաղթականների հետ նրա շփման մի դրվագ է նկարագրել ամենայն հայոց բանաստեղծը: Բայց որ 21-րդ դարի Եվրոպայի բարգավաճ երկրներից մեկի վարչապետը դիմեր արևելյան այս խորամանկությանը… չտեսնված, չլսված բան էր: Եվ զարմանալի չէ, որ հայրենի լրատվամիջոցները նորվեգացի պաշտոնյայի արարքը այդչափ դրվատեցին: Խնդրո առարկայի վերաբերյալ չի զլացել կարծիք հայտնել նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. նրա խոսքով՝ ոչ միայն մեր վարչապետը, այլև «մեր երկրի կառավարման մարմնի որևէ ներկայացուցիչ ռիսկ չէր անի այդ քայլին դիմել» («Առավոտ»): «Հրապարակը», հակառակը, իր առաջին էջում տեղեկացնում է, որ վարչապետն ավելի ու ավելի հաճախ է առանց թիկնապահների զբոսնում մարդաշատ վայրերում:
Քաղաքաշինության նախարարության և նախարարի գործունեության որոշ դրվագներ է ներկայացնում «Ժողովուրդը»:
«Հրապարակը» «ռուսական կայքերից» տեղեկություններ է քաղել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի «ռուսական բիզնեսի» վերաբերյալ: