երեքշաբթի, 20 օգոստոսի 2013
Խնդիրների ծանր բեռը
Օրվա մամուլում գերակշռում է խնդիրների արծարծումը։ «Հավատը պակասում է, խաչերն ավելանում են», - թեմայի սկիզբն այսպես է ազդարարում «Հրապարակը»՝ հընթացս հավաստելով, որ «երկրի տնտեսական վիճակը ծանր է»։ Այդ կարծիքին են թերթի զրուցակիցները՝ «երևանյան միջին տրամաչափի ռեստորաններից մեկի տերը», մի կոշկակար («կլիենտները գնացել են, ով էլ մնացել է՝ չուստ է հագնում»), «Ռուսաստան տեղափոխված մեկ ուրիշը»։ Նրանք միահամուռ դիմում են իշխանությանը՝ «Մի բան արեք»։ Պակաս հոռետես չէ «Ժողովուրդը»։ «Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած», - գրում է թերթը և գրածը «հիմնավորում» համապատասխան լուսանկարներով։ Արտագաղթյալների նամակներից մեջբերումներ է անում «Առավոտը» և դրանք պարզաբանելու խնդրանքով դիմում միգրացիոն պետական ծառայության պետին։ Վերջինս մերժում է «համատարած արտագաղթի» պնդումը՝ պատճառաբանելով, որ այդ խնդրին նվիրված ուսումնասիրություն չի արվել, ինչը հավաստում է նաև «ՀԱ»-ի հարցազրույցը («Մինչ ճամպրուկներդ կհավաքես, մտածիր նաև կամուրջները չայրելու մասին»)։
Մեզանում շարունակվող գնաճի պատճառներն են բացահայտել «Ազգը» և «Իրավունքը», իսկ «Գոլոս Արմենիին» հոդվածներ է նվիրել կենսաթոշակի վճարման համակարգի բարեփոխմանը և կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող չարչրկված օրինագծի քննարկմանը։
Ուսման վճարի ավելացումը մտահոգել է «Հայոց աշխարհին», հսկ «Հրապարակը» պարզաբանել է, թե ինչու չի բարձրացել մանկավարժականի վարձավճարը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնավարման 100 օրվա առթիվ «Առավոտը» բացառիկ հարցազրույց է արել Յուրի Վարդանյանի հետ։