հինգշաբթի, 22 օգոստոսի 2013
Աշուն է գալիս…
Սովորաբար հերթական քաղաքական աշունը բնութագրելիս մեր լրատվամիջոցների երևակայությունը «թեժ» բառից այն կողմ չի անցնում։ Ամառային հանգստից վերադարձած «168 ժամը», սակայն, նորովի է ձևակերպել տարվա սպասվելիք եղանակը՝ «Վտանգավոր աշուն»։ Հրապարակումների զգալի մասը նույնպես համապատասխանում է տագնապալից վերնագրին։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հերթական ամփոփագրի վերլուծությունը վերնագրված է «Մակրոտնտեսական ողբերգություն», վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը՝ երբ «բանկերը «տռզում» են, բիզնեսը կործանվում է», պետգնումների գործընթացից մի շարք ընկերությունների զրկումը՝ «Ֆինանսների նախարարի սկանդալային հրամանը. խոշոր գործարարներն անհեթեթ վիճակում են»»։ Թվում է, որ եթե «168 ժամը» չվերադառնար, ապա ամբողջ երկիրը կմնար անգետ ու անտեղյակ… Չնայած կա, կա ևս մեկ լրատվամիջոց, որը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից է մեջբերում անում ԱՎԾ նույն տվյալների առիթով՝ «Մի խոսքով, շարունակում ենք սուզվել…» («Ժողովուրդ»), և էլի մեկը՝ «ՀԱ»-ն, որն արձանագրում է՝ «Տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել»։ Եվ միայն պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է «կայունության միտումներ» նկատում ԱՎԾ հաղորդագրության մեջ և օրինաչափ է համարում «Հայաստանի տնտեսական ակտիվության աճը»։
«Գոլոս Արմենիին» նկատել և դրական է գնահատել գյուղնախարարության և ՀԲ-ի «բազմամիլիոնանոց նախագծի արդյունքը». խոսքը վերաբերում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրին»։
«Առավոտը» լուսաբանել է Վանաձորում տեղի ունեցած հաշմանդամների հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցությունը, «Հրապարակը» շարունակել ուսման վճարի ավելացման խնդրի քննարկումը՝ «Խորհրդարանական լսումները չեն ազդի ռեկտորների որոշումների վրա», «Ժողովուրդը» «հաշվել» բարձրաստիճան պաշտոնյաներից երկուսի եկամուտը։