շաբաթ, 24 օգոստոսի 2013
Ով է կերտում մեր ապագան
«168 ժամը» «քաղաքական կուլիսներից» տեղեկություն է ստացել, որ Հայաստանի իշխանական վերնախավը մտադիր է եկող տարի սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել և անցնել խորհրդարանական կառավարման։ Նախագահը կունենա խորհրդանշական լիազորություններ, իշխանության փաստացի ղեկավարը կդառնա վարչապետը։ Այսքանից հետո թերթի ամենապարզամիտ ընթերցողն էլ հասկանում է, որ երկրի նախագահը պատրաստվում է վարչապետի աթոռն զբաղեցնել, «անգլիական թագուհու» կարգավիճակ ունցող նախագահի պաշտոնը վերջապես կարող է բաժին հասնել… Պարույր Հայրիկյանին, ով պատրաստ է կյանքի կոչել իր մշակած «կատարյալ ժողովրդավարության մոդելը»։
«Առավոտի» կարծիքով արձակուրդից վերադառնալուն պես վարչապետը պետք է որոշի՝ կասեցնե՞լ «ԱԺ նախագահին, Գագիկ Ծառուկյանին և Երվանդ Զախարյանին պատկանող գազալցակայանների աշխատանքները, թե՞ «շանս» տալ»։ Բանն այն է, որ գազալցակայանների մի մասը դեռևս չի կատարել բաշխիչ աշտարակ տեղադրելու կառավարության որոշումը։
«Հայաստանում անվերջ իրականացվող» հարկային բարեփոխումը, ըստ «168 ժամի», նպատակին չի ծառայում։ Թերթն օրինակ է բերում «Պատրաստի արտադրանքի ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը», որը վերջերս հաստատել է կառավարությունը և որն, իբր, հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Ի դեպ, կռվից հետո բռունցք թափ տալու ավանդույթը «Գոլոս Արմենիին» վերագրում է ոչ միայն կառավարությանը, այլև խորհրդարանին. «սկզբում նախաձեռնում, հավանություն են տալիս որոշումներին, իսկ հետո սկսում են ուղղել»։
«ՀԱ»-ն կանխատեսում է, որ արժեզրկվող դոլարը «մինչև տարեվերջ կտատանվի 410 դրամի սահմաններում», ինչը հնարավորություն կտա «ներքին ապրանքային շուկան զերծ պահել արտաքին միջավայրից եկող գնաճային ճնշումից»։