երեքշաբթի, 27 օգոստոսի 2013
Տնտեսության հարցականները
Նախ, երկրի տնտեսության «աղետալի վիճակը», որը մինչև արձակուրդ մեկնելը տեսնում էր «ՀԺ»-ն, այժմ «ակնհայտ է բոլորի համար»։ Անգամ ասվածն ապացուցելու բառերը չեն բավականացրել, և թերթը դիմել է գծապատկերների օգնությանը։ ԱՎԾ ամփոփագրի հիման վրա «Իրավունքը» եզրակացրել է, որ «թանկացումներն արհեստական բնույթ ունեն»։
«Գոլոս Արմենիին» մտահոգվել է, որ եթե Ռուսաստանը հայտնի պատճառով արգելափակի Հայաստանի առևտուրն իր հետ, ապա Եվրամիությունն հազիվ թե կարողանա (կամ ցանկանա) փոխհատուցել այդ կորուստը՝ «Եվրոպան խեցգետնով կլցնե՞նք»։
Նշելով, որ երկրի «բարեփոխումը պետք է սկսի օլիգարխիան», «Ժամանակն» առաջարկում է «տնտեսական համաներում» կիրառել։ Մեկ այլ հոդվածում թերթը ֆինանսների նախարարի հետ քննարկում է գնման գործընթացին մասնակցելու իրավունքից զրկված խոշոր ընկերությունների նկատմամբ սահմանափակող այլ գործիքներ ևս կիրառելու հնարավորությունը։
Հիշեցնելով, որ 2013-ը պարտքի մարման պիկային տարին է, «Ազգը» նկարագրում է Հայաստանի արտաքին պարտքի փոփոխությունը. ինչ վերաբերում է այդ պարտքի ամբողջական մարմանը, ապա դա տեղի է ունենալու 35 տարի հետո։
«ՀԺ-ն ուզում է տեղեկանալ, թե ինչ արդյունք է տվել գազի թանկացումը սուբսիդավորելու նպատակով ռուսական վարկ ձեռք բերելու կառավարության բանակցությունը ՌԴ հետ, «Ժողովուրդն» արդեն իսկ տեղեկացել է, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի «իրական սեփականատերը հայտնի օլիգարխ… Բարսեղ Բեգլարյանն է», և որ արտագաղթի վկայություն է նաև դպրոցների աշակերտության թվի նվազումը։
«Իրավունքը» Հեղինե Բիշարյանից պարզել է, որ «գենդեր» եզրույթը աղմկահարույց օրենքի նախագիծ է ներմուծել կառավարությունը և ինքն էլ համապատասխան փոփոխության առաջարկ է ներկայացրել։
«168 ժամի» տեղեկությամբ բրիտանական ընկերությունն ավարտել է «Նաիրիտ» գործարանի բնապահպանական աուդիտը, որի արդյունքը «բոլորովին ուրախալի և հուսադրող չէ»։ Ավելին, «իրականում ամեն ինչ վկայում է, որ կառավարության նպատակը մեկն է՝ գործարանը տանել փակման»։
Արցախի տնտեսական վիճակի վերլուծությանն է նվիրված «Գոլոս Արմենիի» բացառիկ հարցազրույցը ԼՂՀ վարչապետի հետ։