երեքշաբթի, 3 սեպտեմբերի 2013
«Տնտեսության զարգացումն է հարցի լուծումը, մնացածը հեքիաթ է»
Ասույթի հեղինակը, ըստ «Ժողովուրդի», ԲՀԿ առաջնորդն է. այս միտքն արտահայտվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողների հանրահավաքում: Հռետորը պարզ ու հասկանալի լեզվով բանաձևել է, թե ինչ պետք է անել երկրի վիճակը բարելավելու համար. «Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթևացնում են, արտոնություններ տալիս, որ մարդիկ կարողանան աշխատել, որ գործազրկություն չլինի» («Ծառուկյանի խրատները վարչապետին»): Այս թերթը նաև վերարծարծում է «ազգային համաձայնության» կառավարություն կազմելու, դրա կազմում, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանին ընդգրկելու, Խաչատուր Սուքիասյանին փոխվարչապետ նշանակելու հարցը: «Ժողովուրդի» տեղեկություններն, ի դեպ, «անլուրջ» է համարում Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ և ՌԴ նախագահների առաջիկա հանդիպմանը և դրանից բխող թեմաներին են անդրադարձել «ՀԺ»-ն, «Ժամանակը», «Հայոց աշխարհը»: Մեծ արձագանք են գտել զինատեսակների և զինամթերքի ձեռք բերմանը, ինչպես նաև սիրիահայերի հնարավոր արտագաղթին վերաբերող՝ ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ «Ազգ», «Ժողովուրդ», «ՀԺ», ինչպես նաև կառավարության ղեկավարի այցն ընդհանրապես՝ «ՀՀ», «Առավոտ», «Նովոյե վրեմյա», «Գոլոս Արմենիի»:
Վկայակոչելով ԱՎԾ հրապարակած տվյալները «Ազգը» հայտարարել է, որ «Գնաճը Հայաստանում օգոստոսին հասել է 9,3 տոկոսի. ամենամեծ գնաճը ծառայությունների ոլորտում» է, «Իրավունքը» հավելել, թե «թանկացումների առումով… ոչ միայն ձևավորվել է ծանր իրավիճակ, այլև, որ դա գնալով միայն սրման միտում է ցուցաբերում» («Իսկ թանկացումները կատաղած առաջ են գնում»): Տնտեսական աճի վերաբերյալ ԱՎԾ տվյալները «Հայկական ժամանակը» որակել է «շատ վատ ցուցանիշներ»:
«Գոլոս Արմենիին» արձագանքել է ոսկերչության ու ադամանդագործության ոլորտի զարգացման «առավել հրատապ» հիմնահարցերին: «168 ժամի» ծավալուն հրապարակումներից մեկը վերաբերում է տավարաբուծության հիմնախնդիրներին, մյուսը՝ թերթի բնութագրմամբ՝ «հանքարդյունաբերության դեմ պայքարում հայրենի բնապահպանների» կողմից առաջադրվող պահանջներին ու մտահոգություններին («Ինչպես խաղալ հայրենասիրական զգացմունքների վրա»):