հինգշաբթի, 5 սեպտեմբերի 2013
Անվտանգությունը՝ առաջնահերթություն
Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը «Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է «Ազգային անվտանգությունը գերակա խնդիր է, իսկ ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնող են» և «Եվ-եվ» սկզբունքը չի հակասում Եվրոպային» հրապարակումներում, «Հայոց աշխարհը» գրել է, որ «Հայաստանը ընտրել է անվտանգությունը», «Առավոտը»՝ կարևորել մասնագետների, ինչպես նաև խնդրի շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից համապատասխան լուսաբանումը, քանի որ «քայլերի տրամաբանությունը քաղաքացիներին» ներկայացնելու «բացատրություններն անհրաժեշտ են»: Թեման արծարծել են նաև «Հրապարակը», «Ժամանակը», «Ժողովուրդը», «Գոլոս Արմենիին», «Հայկական ժամանակը»:
«Ազգը» («Հայաստանի մրցունակությունն առաջադիմել է 3 կետով») և «Հայաստանի Հանրապետությունը» («Հայաստանը դարձել է առավել մրցունակ») ներկայացրել են մանրամասներ «Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանի երեկվա ասուլիսից, ով մասնավորապես կարևորել է «մրցունակության, նորարարության, մարդկային ռեսուրսների արդյունավետ զարգացման անհրաժեշտությունը» և «ագրեսիվ ներդրումային քաղաքականությունը»: «Հրապարակին» մտահոգել է սննդամթերքի շուկայի իրավիճակը՝ «Թանկացումների շքերթն սկսված է»: «Ժամանակը» հավելել է, թե ըստ «գների… փոփոխության միտումների» տարեվերջին «գնաճը միջին աշխատավարձի աճից մեծ կլինի», մի այլ հրապարակման մեջ «չմոռանալով» հայտարարել, թե իբր «արդեն սովորույթ է դարձել, որ երկրում սոցիալ-տնտեսական ցուցանիշների անկմանը զուգահեռ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է բոլորովին այլ՝ բարվոք թվեր» («Ինչպես են «հղկվում» թվերը»):
Ըստ «168 ժամի» հրապարակումներից մեկի «Ձկնաբուծարանների պատճառով Գայ համայնքի դաշտերը չորանում են»: «Հայոց աշխարհում» ներկայացվել է վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման և սեպտեմբերի 1-ից սկսված վճարման թերությունների ու… խնդիրների վերաբերյալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի մտահոգությունը՝ «Իսկական գլխացավանք վարորդների համար»: