երեքշաբթի, 17 սեպտեմբերի 2013
Վասն ինքնուրույնության
Լրատվամիջոցներ ունենք, որոնք միայն ու միայն իրենք են ուզում որոշել՝ երբ և ինչ կերպ հարգել հանգուցյալների հիշատակը և 5 Տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի «օրինականացումը» կառավարության կողմից ընկալում են գրեթե իբրև իրենց իրավունքների ոտնահարում: Հերթական բողոքողը «ՀԺ»-ն է, որը մտահոգված է, որ կառավարության նախաձեռնության հետևանքով «ուղղակիորեն տուժում է տնտեսությունը»: Իսկ երեկվա «Ուրվագծի» հյուրին նույնիսկ թվացել է, թե մեռելոցի օրերը «տարեցտարի ավելանում են»: Ազգայինը, ավանդականը, նպատակահարմարը մերժելու այս մարմաջը, բարեբախտաբար, հատուկ է ընդամենը 2-3 լրատվամիջոցի. բնակչության ճնշող մեծամասնությունը օգտվում է հանգուցյալ հարազատների հիշատակը հարգելու հնարավորությունից:
«Ժամանակը» այն տպավորությունն է ստացել, որ Մաքսային միությանն առնչվող քննարկմանը «իսպառ բացակայում է իշխանությունը». թերթը հավանաբար կուզենար, որ խնդրի վերաբերյալ արհեստական ու ավելորդ իրարանցումը համակեր նորանոր մասնագետների ու մասնակիցների: «ՀԱ»-ն սպասում է, որ բյուջեի խոշորացված ծախսերը համալրվելու են Մաքսային միությանն անդամակցելու ազդեցությամբ:
«Առավոտը» հույս ունի, որ «էկոնոմիկայի նախարարի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վարչապետի հետ կքննարկվի ԱԺ նախագահի գազալցակայանների կասեցման հարցը» («Հովիկ Աբրահամյանի ԱԳԼՃԿ-ները կախված են վարչապետից և նախարարի առողջությունից»):
«Ազգը» փորձել է բացահայտել «Հայկական աշխատաշուկայի պարադոքսը՝ բարձր գործազրկություն և մեծաթիվ թափուր աշխատատեղեր»:
Ներկուսակցական խնդիրների են անդրադարձել «Ժողովուրդը» (ՀՀՇ-ի վերածնունդ) և «Առավոտը» («Հայաստանյան ՍԴՀԿ-ները կհաշտվե՞ն»):