երեքշաբթի, 15 հոկտեմբերի 2013
Աջ թե ձախ…
Պարզվում է` վարչապետի թվարկած թեզերը բնավ թեզ էլ չեն, քանի որ չեն ապացուցվում կամ հիմնավորվում: Նույնպես չհիմնավորված սույն թեզի հեղինակ «168 ժամը», մոլորվելով իր իսկ դատողությունների հորձանուտում, այնուամենայնիվ հանգում է այն եզրակացության, որ Հայաստանի առջև կար երկու ճանապարհ` աջ ու ձախ: Եվ առավելագույնը, որ կարող ենք անել, «գնալու ենք դեպի աջ` մերթ ընդ մերթ գլուխներս շրջելով ձախ կողմը»: Մինչդեռ «Իրատես դե ֆակտոն» արձանագրում է, որ հայտարարելով Մաքսային միությանը հարելու իր մտադրությունը, «Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն»: Նույն թերթը շեշտում է Ժիրայր Լիպարիտյանի մտքերը` «Պետք է դադարենք մտածել, թե մենք աշխարհի ուշադրության կենտրոնում ենք» և «Հայաստանը դիտում են որպես պրոբլեմ ստեղծող միավոր, ոչ թե պրոբլեմ լուծող պետություն»: «Ժամանակի» հեղինակներից մեկը բացառում է «երկու աթոռի վրա նստելու» Հայաստանի հնարավորությունը. «Տիգրան Սարգսյանի միջոցով Մոսկվան իր անվստահությունը հայտնեց Երևանին», իսկ «ՀԱ»-ի զրուցակիցը հանդարտության կոչ է անում` «Պետք չէ դարձյալ և կրկին եզան տակ հորթ փնտրել»:
Անդադրում Գլազևը հունական Ռոդոս գեղատեսիլ կղզում մասնակցելով «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին և պատասխանելով «Գոլոս Արմենիի» հարցերին, պարտադրելու պես կանխատեսում է` «Մենք անխուսափելիորեն միասին ենք լինելու» («Գոլոս Արմենիի»):
«ՀԺ»-ի տեղեկությամբ «բազմաթիվ տեղական ինքնակառավարման մարմինների կառավարությունից հայտնել են» բյուջեից հատկացվող դոտացիաների նվազման մասին, ինչը թերթը որակել է «Տնտեսում` արտագաղթի հաշվին»: «Հայոց աշխարհը» մատնանշել է, որ «Պարենը համաշխարհային շուկայում էժանանում է, Հայաստանում` թանկանում», «Ազգը» արձագանքել է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ մամուլում շրջանառվող քննարկմանը («Օդանավակայանը թռիչքների՞ համար է, թե՞… »), «168 ժամը»` վերստին անդրադարձել «Նաիրիտի» և գործարանի… մութ գործարքների» պատմությանը («Ովքե՞ր և ինչո՞ւ են միլիոններ նվիրել օֆշորային ընկերությանը»):