շաբաթ, 19 հոկտեմբերի 2013
Հարցականների պարզաբանումներ
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է Երևանում անցկացվող 3-րդ միջազգային մեդիաֆորումից մանրամասներ, կարևորելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթում նշված` ԵՄ-ը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պարզաբանումները («Արարատի ստորոտին»): Վարչապետի ելույթին անդրադարձել են նաև «Ազգը», «Հայկական ժամանակը» և «168 ժամը»: «Ժամանակը» «սահուն անցումով» և «ըստ ճաշակի յուրո» արձագանքել է Երևանում անցկացված Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կրթության նախարարների ժողովին կառավարության ղեկավարի արտահայտած տեսակետին, որ « Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը պատրաստ լինի ապրել արագ փոփոխվող աշխարհում » («Իշխանության խոլեստերինն արագ փոփոխվող աշխարհում »):
«Հրապարակը» փորձել է որսալ «Արմեն Աշոտյանի կոմպլեմենտարիզմը» ՌԴ ԿԳ նախարարի տեղակալի և Բուհերի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահի հետ նրա հանդիպումները ներկայացնող հաղորդագրությունների «տողատակից» և «զգուշացրել» մեր լեզվին, ինքնությանն ու ինքնիշխանությանը սպառնացող «վտանգից»: «168 ժամը» բանկային գործունեության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական առաջարկների և, մասնավորապես, ՀՀ տարածքում բանկերի կողմից իրականացվող արտարժութային վարկավորման մասին իր դատողություններն ամփոփել է «Հայկական բանկերի «մազոխիզմը» հոդվածում, մի այլ հրապարակման մեջ էլ, թերևս ոչ պատահաբար, հիշեցրել, որ «Կենսաթոշակային բարեփոխումները մոտենում են»:
«Ազգը» անդրադարձել է Երևանում բացված «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին («50 ձեռնարկության մասնակցությունը ենթադրում է 100 հազար գյուղացու հետ աշխատանք»), «Հրապարակը» ներկայացրել է իր մտահոգությունը Լոռու մարզի Լեռնաջուր համայնքում առկա վիճակի մասին («Գյուղ, որ չունի դպրոց, մանկապարտեզ, գյուղապետարան ու բնակիչ»):