չորեքշաբթի, 23 հոկտեմբերի 2013
Կարգավորման այլընտրանքը
«Զբաղվածության մասին» օրենքի նախագծի երեկվա խորհրդարանական քննարկմանն անդրադարձում «Հայաստանի Հանրապետությունը» վստահեցրել է, որ «զբաղվածության ոլորտում կառավարության նախանշած քայլերը» նպատակամղված են «գործազրկության նվազեցմանը»: Հակառակ պնդումը, որ խորհրադարանում բարձրացրել է ԲՀԿ խորհրդարանական Նաիրա Զոհրաբյանը, ըստ որի «կառավարությունն այս քայլերով իր ժամանակն է ձգում», «Առավոտը» ներկայացրել է «Պետք չի ձուկ բռնել սովորեցնել, երբ ձուկ չկա» հրապարակման մեջ: «Ժողովուրդը»՝ թեման արծարծել է «Պետականորեն պայքարում են «թամբալության» դեմ» հոդվածում, «Հրապարակը»՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ զրույցի միջոցով, ով «ՀԺ»-ի թղթակցի հետ հարցազրույցում էլ, անդրադառնալով հաջորդ տարվա հունվարի 1-ից գործարկվող կենսաթոշակային նոր համակարգին, կարևորել է, որ իրականացվող ողջ ներդրումների «երաշխիքները սահմանված են օրենքով» («Թոշակները և «ռուբլու գոտին»):
«Առավոտը» փոխանցել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի «ափսոսանքը» իր առաջարկած օրենքների «նախագծերի մերժման» կապակցությամբ («Բագրատյանն ուզում էր վարչապետին ու ԿԲ-ին զրկել լծակներից»): «Ժամանակը» անդրադարձել է ՀԿ-ների դրամաշնորհներից հարկերի հավաքագրման կառավարության նախաձեռնությանը («Մաքսային միության նոր մետաստազները Հայաստանում»): «Ժողովուրդը» հայտարարել է, որ «Ձու արտադրող ընկերությունները պարտքեր ունեն», և դրա «պատճառներից մեկը գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է», «ՀԺ»-ն՝ արձագանքել աղետի գոտու բնակարանաշինության հիմնախնդիրներին («85 միլիարդանոց չվճարված «կոպեկներ»), «Հայոց աշխարհը»՝ կարևորել ու հիմնավորել, թե ինչու «Կառավարությունը կողմ է աշխատավարձի աստիճանաբար բարձրացմանը»: